Irakan.info. «Ընտրություններից առաջ գազի գնի թանկացումը որոշված չէր կարող լինել»,- այս մասին Irakan.info-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա' գազն ուրիշ երկրից ստացած կարևորագույն ապրանքատեսակ է և բոլոր դեպքերում գնի քաղաքականությունը որոշում է անպրանքատեսակի տերը. նրանք առնվազն կարող են մեղմել գինը. «Եվ հիմա շատ ընդդիմախոսներ, ովքեր ասում են, թե գազի գինը վաղուց էր հայտնի իշխանություններին, իրենք էլ լավ հասկանում են, որ դա այդպես չէ, ուղղակի իրենց պետք է նման ձևով ելույթներ ունենալ: Հասկացեք, ես որևէ մեկին պաշպանելու միտում չունեմ, բայց ես հասկանում եմ, որ մենք սպառում ենք ստրատեգիական բնույթի ապրանքատեսակ, որի տերը ուրիշն է, և նա կարող է ցանկացած պարագայում' ելնելով իր շահերից, գինը կամ թանկացնել կամ էժանացնել»,- նշեց տնտեսագետը:
Հասկանալի է, եթե ապրանքը մերը չէ, մենք չենք կարող ասել' այն տվեք մեզ անվճար կամ ցածր գներով: Բայց ինչո՞ւ գազի գնի թանկացման մասին խոսեցին ընտրություններից հետո միայն: Զուգադիպությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ էր սա:
«Ցածր եկամուտների, աղքատության այսպիսի ցուցանիշի պարագայում, անշուշտ, գազի սպառումը շատ ծանր է նստելու բնակչության վրա: Այս պարագայում սուբսիդավորումը լավագույն լուծումներից մեկն է: Այո, իշխանություններն ընտրություններից առաջ կարող էին որոշակի լռություն պահպանել, քանի որ առանց այդ էլ հասկանալի է, որ մենք այսքան վատ վիճակում ենք և պետք չէ այն ավելի սրել: Սակայն, ենթադրենք, մի քիչ ավելի շուտ հայտարարեին, որ գազի գինը բարձրանալու է, ինչ էր դրանից փոխվելու: Կարծում եք ամբողջ աշխարհում թափանցիկ գործունեությո՞ւն են իրականցնում»,-ասաց Վ. Բոստանջյանը:
Այն հարցին՝ ինչու ՀՀ իշխանությունները չեն գնում իրանական գազը, որն ավելի էժան է, Բոստանջյանը հավաստիացրեց, որ այսօրը պետք է հիշել' վաղ թե ուշ մենք օգտվելու ենք իրանական գազից, ավելի մատչելի գնով ենք վերցնելու:
Իսկ եթե այդպես է՝ ինչո՞ւ այսօր չենք օգտվում այդ մատչելի գներից, ի՞նչն է խանգարում իշխանություններին գազը գնել Իրանից. «Հիմա կան խնդիրներ, մի կողմից կա Ռուսաստանը, մյուս կողմից' Իրանի պես հզոր երկիրը, և երրորդ երկիրը' ամենաուժեղ կողմը' արևմտյան պատժամիջոցների ռեժիմ է Իրանի նկատմամբ: Հիմա տեսեք, այս պայմաններում կարող է պատահի Հայաստանը հնարավորություններ ունի այս պահին գազը վերցնել Իրանից ու չի վերցնո՞ւմ: Բացառվում է: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսօր չէ, բայց վաղը չէ մյուս օրը, երբ Հայաստանում իրավիճակը մի փոքր ավելի հանդարտվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսինքն' օրերի խնդիր է, որն իր հերթին պահանջում է դիվանագիտական քայլեր:
Իրանը չափազանց էժան գնով կարող է գազ տալ, բայց կարող է պատահի ուժեր կան, որոնք Հայաստանին ստիպում են, որ իրանյան գազից չօգտվել և վերցնել ռուսական գազը: Մենք էլ այն երկիրը չենք, որ կարողանանք նույն ուժգնությամբ դիմակայել այդ ճնշմանը»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Կարո՞ղ է' Վ. Բոստանջյանն էլի խորհուրդ տա աթար վառել, ինչպես խորհուրդ էր տվել տարիներ առաջ իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, եթե, այնուամենայնիվ, ռուսական կողմն իր ապրանքը որոշի տալ իր ուզած գնով, և ՀՀ իշխանություններին չհաջողվի սուբսիդավորել այն. «Եթե հանկարծ ստացվի այնպես, որ ՌԴ-ն իր գազը մեզ իրացնի համաշխարհային գներով, ես դրա համար եմ ասել, որ, դե, եթե չեք համակերպվում, արեք աթար վառեք: Ոչ թե ես կոչ եմ անում՝ աթարով պետք է շտկվի մեր բոլոր խնդիրները, ես պարզապես ասում եմ, սիրելի ժողովուրդ ջան, մենք չունենք ուրիշ ճար, ինչ կարող ենք անել: Ես այդքան հետամնաց մարդ չեմ, որ ասենք թե կոչ եմ անում անիրատես բաներ»,- պարզաբանեց տնտեսագետը:
Մանե Մարգարյան