ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, չնայած շատերի կանխատեսմամբ փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, բայց մրցակցություն թեկնածուների միջեւ, այնուամենայնիվ, տեղի կունենա: Իսկ ընտրական պրոցեսը, նրա գնահատմամբ, կլինի առանց լարումների, հանդարտ ու խաղաղ:
«Ըստ էության, լարվածություն չեմ ուզում նկատել, որոշակի նաեւ մրցակցություն եմ նկատում, ոչ շատ մեծ, պայմանավորված, այսպես կոչված, պայքարին մասնակցող թեկնածուների առումով: Գոնե Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին գործող նախագահին ինչ-որ չափով մրցակից տեսնում եմ»,-մեր լրագրողի հետ զրույցում ասել է Վարդան Բոստանջյանը: Նա չի մեկնաբանել փետրվարյան ընտրությունների մասով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կայացրած որոշումը: Ճիշտ է, ունի իր անձնական կարծիքը, բայց այն հրապարակելուց զերծ է մնում: ՈՒ քանի որ ՀՀԿ-ական որոշ գործիչների կարծիքով ԲՀԿ-ն այժմ հասարակության շրջանում ասոցացվում է ավելի շատ որպես բարեգործական կազմակերպություն, եւ ոչ թե քաղաքական ուժ, Վարդան Բոստանջյանին հարցրեցինք, թե ինչ կարծիք ունի այդ գնահատականների վերաբերյալ:
«Ով որ ասում է, կարծում եմ' գլուխները պատին են տալիս: Աղքատի նման մի կուլյոկ սեմուշկի համար ծախում են իրանց, թող իրանց մասին մտածեն, Գագիկ Ծառուկյանի բարեգործության մասին չմտածեն, որ դեմքերին նայում ես' ողորմելի, մեղք ու կրակ, մի բանկա ձեթի համար իրանց վաճառողներն ասում են' ԲՀԿ-ն բարեգործական ընկերություն է, էդքան հզոր է դառել էս զանգվածը, որ կարողանում է լավ կողմնորոշվի՞' ով է քաղաքական ուժ, ով է բարեգործական ընկերություն»,-ասել է Վարդան Բոստանջյանը: Իսկ կուսակցության ներսում իր պասիվ գործունեությունը նա բացատրում է հետեւյալ կերպ. երբ որ ես նկատում եմ, որ տվյալ պարագայում իմ նման մարդիկ ցանկալի չեն, ես ձգվում եմ հետին պլան, ինքս իմ նախաձեռնությամբ, առանց որեւէ մեկի հայտարարության: Դուք երբեւէ տեսե՞լ եք ես պագոն փոխեմ: Կան, չէ՞, մարդիկ, որ դողդողում են, ընկնում են, իբր թե բարձրանում են, իրականում Բոստանջյան Վարդանը մնում է Բոստանջյան Վարդան»,-հավելել է նա:
Հերմինե Մկրտչյան