«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys/ The Gallup Organization-ի կողմից իրականացվել է ՀՀ-ում նախագահական ընտրություններին ընդառաջ հանրային կարծիքի երկրորդ հարցումը:
Հարցումն անցկացվել է 2013 թ. հունվարի 15-23-ը համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1020 չափահաս բնակիչների շրջանում դեմ առ դեմ հարցումների միջոցով: Արձագանքների մակարդակը կազմել է 65%, իսկ սխալման լուսանցքը չի գերազանցում +/- 3,1%-ը, վստահության մակարդակը 95% է:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար, դոկտոր Գևորգ Պողոսյանը, երկրորդ հարցումն իրականացվել է ՀՀ նախագահի թեկնածուների գրանցման պահից մինչև ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, որպեսզի հնարավոր լիներ պարզել բոլոր գրանցված մասնակիցների ունեցած աջակցության մակարդակը:
Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուսկենեն նշեց, որ հայ ընտրողները միշը բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել քաղաքականության հանդեպ, թեև հետաքրքրությունը հունվարին ավելի քիչ է եղել, քան դեկտեմբերին, քանի որ դեկտեմբերին կար որոշակի անհստակություն, թե որ գործիչները կառաջադրեն իրենց թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: Ռասա Ալիսաուսկենեն ներկայացրեց հարցման արդյունքները։
Հարցվածների 50%-ը կարծում է, որ Հայաստանում գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ, 36%-ը՝ սխալ, իսկ 14%-ը՝ պատասխան չի ունեցել: Ըստ հարցման արդյունքների՝ հանրության 27%-ը բարձր հետաքրքրություն է ցուցաբերում քաղաքականության նկատմամբ, 33%-ը՝ միջին հետաքրքրվածություն, իսկ 38%-ը՝ ցածր:
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին հաստատապես որոշել է մասնակցել հարցվածների 39%-ը, 43%-ը ամենայն հավանականությամբ կմասնակցի, 3%-ը չի մասնակցի, իսկ 9%-ը ավելի հավանական է, որ չի մասնակցի:
«Ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեք 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին» հարցին բոլոր հարցվածների 66%-ը պատասխանել է Սերժ Սարգսյանի, 10%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 4%-ը՝ Պարույր Հայրիկյանի, 4%-ը՝ Հրանտ Բագրատյանի, 1%-ը՝ Արամ Հարությունյանի, 0,3%-ը՝ Անդրիաս Ղուկասյանի, 0,2%-ը՝ Արման Մելիքյանի և 0,1%-ը՝ Վարդան Սեդրակյանի, իսկ պատասխան չի ունեցել հարցվածների 16%-ը: Նույն հարցին հավանական քվեարկողների 75%-ը պատասխանել է Սերժ Սարգսյանի, 9%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 3%-ը՝ Հրանտ Բագրատյանի, 3%-ը՝ Պարույր Հայրիկյանի, 1%-ը՝ Արամ Հարությունյանի, 0,4%-ը՝ Անդրիաս Ղուկասյանի, 0,2%-ը՝ Արման Մելիքյանի, այս դեպքում պատասխան չի ունեցել հարցվածների 9%-ը:
Հարցվածների 21%-ը երբեք չէր քվեարկի Հրանտ Բագրատյանի օգտին, 18%-ը՝ Պարույր Հայրիկյանի, 17%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 17%-ը՝ Արամ Հարությունյանի, 15%-ը՝ Արման Մելիքյանի, 15%-ը՝ Վարդան Սեդրակյանի, 13%-ը՝ Սերժ Սարգսյանի, 6%-ը՝ Անդրիաս Ղուկասյանի օգտին:
«Ձեր ընտրությունը վերջնակա՞ն է» հարցին հարցվածների 75%-ը պատասխանել է, որ վերջնական է, իսկ 22 %-ը՝ դեռ կարող է փոփոխել որոշումը: Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի 78%-ը վերջնական որոշում է կայացրել, 20%-ը՝ դեռ վերջնական չէ, կարող է փոփոխվել, Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում՝ 68 % վերջնական, իսկ 29%՝ կարող է փոփոխվել, Հրանտ Բագրատյանի դեպքում՝ 78 % վերջնական, 19%՝ կարող է փոփոխվել, Պարույր Հայրիկյանի դեպքում՝ 56% վերջնական, 36%՝ կարող է փոփոխվել, այլ թեկնածուների այս ցուցանիշները հաշվել հնարավոր չի եղել, քանի որ ընտրազանգվածը փոքր է եղել:
«Ո՞ր կուսակցությունն է Ձեզ առավել մոտ» հարցին հարցվածների 58%-ը պատասխանել է «Հանրապետական» կուսակցությունը՝ այն դեպքում, երբ դեկտեմբերին այս ցուցանիշը եղել է 47%: Ինչպես պարզաբանեց կուսակցության վարկանշի 11% բարձրացումը Ռասա Ալիշաուսկենեն, այն կուսակցությունների, որոնք տարեվերջին որոշեցին չմասնակցել ընտրություններին, ընտրազանգվածի որոշ մասն անցել է «Հանրապետական» կուսակցությանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առավել մոտ է համարում հարցվածների 19%-ը, այն դեպքում, երբ դեկտեմբերին այս ցուցանիշը կազմում էր 32%: «Ժառանգություն» կուսակցությանն իրեն մոտ է համարում հարցվածների 9%-ը, ՀԱԿ-ին՝ 5%-ը, իսկ ՀՅԴ-ին՝ 3%-ը:
Եզրափակելով՝ Գևորգ Պողոսյանը նշեց, որ հերթական հարցման արդյունքները ներկայացվելու են փետրվարի 9-ին: