Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը խորհրդարանում հայտարարել է, որ որոշել է լռել և չպատասխանել լրագրողների հարցերին: Թե որն է Վարդան Օսկանյանի որոշման պատճառը՝ հայտնի չէ: Համենայնդեպս, նա այդ մասին ոչինչ չի ասել՝ լռել է:
Ինչպես գիտենք, փետրվարի 11-ին մեկնարկում է Մեծ պահքը, և չի բացառվում, որ Վարդան Օսկանյանը բարեպաշտ քրիստոնյայի վարքով փորձում է որոշակիորեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքական կյանքից, առավել ևս, որ բովանդակային իմաստով այդ կյանքը իսկապես շատ հակաքրիստոնեական է: Սակայն չի բացառվում նաև, որ Վարդան Օսկանյանը կամ ենթարկվում է կուսակցական ինչ-որ որոշման, կամ էլ պարզապես փորձում է իր լռությամբ որոշակի «պահանջվածություն» առաջ բերել լրագրողական և հասարակական շրջանակներում, խորհրդավորություն կուտակել իր անձի շուրջ՝ քաղտեխնոլոգիական ինչ-ինչ նպատակներից ելնելով:
Սակայն ամենևին պետք չէ բացառել նաև այն տարբերակը, որ նախկին արտգործնախարարը պարզապես մի քիչ հոգնել է և ցանկանում է հանգստանալ՝ նա հայտարարել է, որ նախագահական ընտրություններով ամեն ինչ վերջացած չէ, և հետո սպասվում են հետաքրքիր զարգացումներ: Օսկանյանը միգուցե ուժ է հավաքում այդ զարգացումներից առաջ:
Միևնույն ժամանակ նախկին արտգործնախարարն, իհարկե, ունի լռության ծանրակշիռ այլ պատճառներ: Բանն այն է, որ նա որքան էլ ջանասիրաբար փորձեց ընդդիմադիրի, նույնիսկ կոշտ ընդդիմադիրի իմիջ ձևավորել «Բարգավաճ Հայաստան»-ի համար, նախագահական ընտրությունների շեմին ամեն ինչ սկսեց քանդվել, և Օսկանյանի կառուցած իմիջը փլվում է ավազե ամրոցի նման: Վարդան Օսկանյանը հետևողականորեն, քրտնաջան աշխատանքով և նույնիսկ ինքն իրեն ռիսկի ենթարկելով՝ հայտնի գործի հարվածի տակ հայտնվելով, փորձեց գեներացնել ԲՀԿ-ի մասնակցությունը նախագահական ընտրություններում, սակայն Գագիկ Ծառուկյանը իր մի որոշմամբ ամեն ինչ գցեց ջուրը: Եվ դա դեռ բավական չէր՝ նախագահական ընտրությունների գործընթացին զուգահեռ պարզվեց, որ ԲՀԿ-ն ըստ էության ամբողջությամբ աշխատելու է Սերժ Սարգսյանի օգտին: Այսինքն՝ կուսակցության տարբեր չինովնիկներ, որ պաշտոններ են զբաղեցնում այս կամ այն համայնքում, ունեն բիզնեսներ, հայտարարում են Սերժ Սարգսյանին սատարելու, նրա օգտին քվեարկելու մասին, իսկ կուսակցությունն ընդամենը հայտարարում է, որ այդ մարդիկ որոշում կայացնում են զուտ որպես անհատներ: Մինչդեռ պարզ է, որ դա ծիծաղելի բացատրություն է և չի դիմանում որևէ տրամաբանական քննության:
Վարդան Օսկանյանն, իհարկե, տեսնում է այս ամենը և հասկանում, որ նման իրավիճակում խոսելը նշանակում է խոսել իր իսկ դեմ՝ ինքն իր դեմ: Եվ այդ պայմաններում միանգամայն հասկանալի է, որ նախկին արտգործնախարարը որոշել է լռել: Հարցը, իհարկե, լռության ժամկետն է, ինչպես նաև այն, թե ինչն է լինելու Վարդան Օսկանյանի լռությունը խախտելու առիթը կամ պատճառը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի