Օրեր առաջ, կառավարության նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկա ամիսների ընթացքում կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Նշենք նաև՝ նախարարի հավաստմամբ ռուս գործարարները տրամադրված են ներդրումներ անել Հայաստանում և ինքն իրատեսական է համարում Ռուսաստանից 300 մլն դոլարի ներդրումների ներգրավումը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի առնչությամբ զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ում կարծիքով այս հարցի դրական կողմն այն է, որ այն բոլոր գործարարները, հայրենակիցները, որոնք ունեն հնարավորություն և իրենց մասնակցությունն են հայտնել, հետևողական կլինեն գումարների արդյունավետ օգտագործմանը, քանի որ իրենց կապիտալն են ներդնում:
Ըստ տնտեսագետի՝ տնտեսությունը և ձեռներեցությունը չի դոփում իր տեղում, եթե այն արդյունավետ է գործում, շարունակաբար ընդլայնվում է. «Մեր հանրապետությունում պետք է կարողանանք ապահովել ազատ մրցակություն, որի բացակայության պայմաններում փոքր և միջին ձեռներեցությունը մղվում է հետին պլան: Եթե կարողանանք զսպել մենաշնորհ նկրտումները և դաշտը տեսքի բերենք`կունենանք ընդգծված դրական արդյունքներ»:
Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ օտարերկրյաները և հայրենականները ներդրումներ անում են այն պարագայում, երբ փողը չի կորում, ինչպես ջուրը ավազի մեջ. «Եթե հափշտակելու են այդ ներդրումները, եթե այն պաշտպանված չի լինելու, ինչպե՞ս կարող է ներդրումներ լինեն: Օտարերկրյա ներդրումներ լինում են այն պարագայում, երբ տվյալ երկրի գործարար աշխարհն է ներդրում կատարում, որոնք էլ գալիս են մրցակցելու: Հակառակ դեպքում, մենք Կորեայի որբերը չենք, որ նստենք, ասենք՝ եկեք մեզ պահեք, թող գնան իրենց պահեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայ մարդը կարող է իրեն պահել, պարզապես կառավարման համակարգը պետք է թույլ տա և պայմաններ ստեղծի: Իսկ մեր ազգի ողորմելի վիճակը պայմանավորված չէ մարդկանցով, այլ՝ ընդհանուր կառավարման համակարգով:
Հարցին՝ հարկային դաշտը որքանո՞վ է նպաստավոր ներդրումներ անելու համար, տնտեսագետը պատասխանեց.
«Հարկային դաշտը միշտ եղել է ոչ նպաստավոր, այն եղել է ֆիսկալ նպատակներ հետապնդող, այսինքն միայն փող բերող՝ փող բերի որ ուտեն ու ուտեն այդ փողը: Հարկային քաղաքականությունն ամբողջ աշխարհում ունի նաև տնտեսության կարգավորիչ դեր: Հիմա, ի դեմս նոր կառավարության, միգուցե փորձեր անեն, որ այս պահին ընթացող հարկային համակարգը հետ նահանջի այդ կերպ վարվող քաղաքականությունից»:
Նա նշեց, որ հարկային քաղաքականության, բացի պետական գործառույթների համար միջոցների հավաքագրումից, մյուս կարևոր ֆունկցիան պետք է լինի այն, որ խթանիչ և կարգավորիչ դեր ունենա տնտեսվարող սուբյեկտների համար. «Հարկային քաղաքականությունը չպետք է լինի այնպիսին, որ այսպես կոչված «արտոնյալներ»-ն իրենց հարկային պարտավորությունները չկատարեն ու այդ հարկային պարտավորությունների ծանրաբեռնվածությունը հայտնվի փոքր կրպակ աշխատացնողների ուսերին»:
Սոնա Հարությունյան