Հայաստանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի ներդրման գործընթացն ամբողջովին ավարտված է: Այս մասին հայտարարվեց Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում, հոկտեմբերի 18-ին՝ «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում» ծրագրի կողմից մշակված «ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի» ծրագրի ներդրման ավարտական փուլի մամուլի ասուլիսի ընթացքում: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ: Ծրագրի արժեքը 1,4 միլիոն եվրո է:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքային իշխանությունների, ՔԿԱԳ համակարգի ներկայացուցիչները, լրագրողներ:
Ծրագրի ավարտը հենց Գյումրիում ներկայացնելը պատահական չէր. 2013 թվականի հոկտեմբերի 28-ին Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնում առաջին անգամ գործարկվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը, որը միա վորում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր բաժինները: Համակարգի միջոցով իրականացվում են մի շարք գրանցումներ. ծնունդ, որդեգրում, հայրության ճանաչում, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, անվանափոխություն և տեղեկանքների տրամադրում:Համակարգն այժմ կիրառվում է ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բոլոր ստորաբաժանումներում:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կարևորելով տվյալ համակարգի ներդրումը, ընդգծեց, որ այն քաղաքացիների համար ավելի է հեշտացրել և արագացրել գործընթացը: Համակարգը միավորում է ՔԿԱԳ տարածքային բոլոր ստորաբաժանումները:
«Համակարգի ամբողջական կիրառումը էապես կնպաստի ժողովրդավարության զարգացմանն ու լավ կիրառմանը, ինչպես նաև թափանցիկության և հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությանը: Համակարգը հնարավոր է դարձրել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը մեկ պատուհանի սկզբունքով»,- նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, միջոցառման բոլոր ներկաներին ավելի մանրամասն ներկայացնելով համակարգի արդյունավետությունը, նշեց, որ սա գերազանց հնարավորություն է պետական կառավարման այլ մարմինների հետ ինտեգրվածության. մի շարք շահագրգիռ գերատեսչություններ՝ նախարարություններ, ոստիկանություն և այլն, իրականացնում են տեղեկատվության փոխանակում իրական ժամանակում՝ օրինակ մահերի, կամ ծնունդների վերաբերյալ: ՔԿԱԳ գործակալությունում պահվում է ավելի քան 15 մլ ակտ: Ընթացիկ գործընթացի բաղկացուցիչ մասն է թղթային քաղաքացիական ակտերի թվայնացումը:
Գործընթացը Գյումրիից սկսելու և Գյումրիում ավարտելու նախաձեռնությունը ողջունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ կոչ անելով շարունակել նմանատիպ ծրագրերն իրականացնել հանրապետության երկրորդ քաղաքում: Միջոցառման ընթացքում՝ տեղում, իրական ժամանակում ՔԿԱԳ-ի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գրանցվեց նորածին Արմինե Խալաթյանի ծնունդը: Նորածինը նվերներ ստացավ ինչպես ՀՀ ԱՆ, այնպես էլ Եվրոպական միության կողմից:
Համակարգի ներդրման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպական միության կողմից շնորհակալագրեր, նվերներ ու պարգևներ ստացան նաև ՔԿԱԳ գործակալության մի շարք աշխատակիցներ, իսկ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային հանձնեց նախարարության հուշամեդալը:
Արմենուհի Մխոյան