ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ:
«Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ, հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և' անասնաբուժությունը, և' վերահսկողությունը, և' որակի բարձրացումը, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում' անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը:
«Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», - հավելել է Իշխան Կարապետյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում:
Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ:
Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝ այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին: