Աղվերանում հոկտեմբերի 16-17-ն անցկացվել է «Համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ» խ որագրովսեմինար: Ինչպես տեղեկացրին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից, սեմինարին մասնակցել են «Ջինջ» խորհրդատվական, «Երեւան Ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները, ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարու թյունները, Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն, մի շարք այլ կազմակերպություններ ու մասնագետներ:

 

Նրանք քննարկել են հանրապետությունում կեղտաջրերի մաքրման ոլորտում ստեղծված ոչ գոհացուցիչ իրավիճակը, ներկայացրել առկա թերություններն ու դրանց պատճառները:

 

Սեմինարի մասնակիցների կարծիքով' ոչ բավարար ուշադրությունը կեղտաջրերի մաքրմանը արգելակում է մասնավորապես, զբոսաշրջիկության ու հյուրանոցային բիզնեսի զարգացումը Հայաստանում:

 

Կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ սեմինարի մասնակիցների կողմից ներկայացվել են ինչպես իրավական ու տնտեսական բնույթի, այնպես էլ կառավարման կատարելագործմանն ուղված մի շարք առաջարկություններ:

 

Որպես դրական օրինակ նշվել են «Հայջրմուղկուղի» ՓԲԸ եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ կողմից իրականացվող աշխատանքն ու ծրագրերը: Մասնավորապես, «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը տեղեկացրել է, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ մայրաքաղաքի կեղտաջրերի «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցման նպատակով, որի շնորհիվ Հրազդան ուղղվող ջրերը կենթարկվեն մանրակրկիտ մեխանիկական մաքրման:

 

Վերջում սեմինարի մասնակիցներն այցելել են Փարաքար գյուղի մաքրման կայան, որի կառուցմամբ զգալիորեն լուծվել են բնապահպանական խնդիրները համայնքում: