ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, ուղերձում ասված է.
«Այսօր մենք պարտավոր ենք վերստին մտածել, որոշել և միասնական քայլեր ձեռնարկել ծայրահեղ աղքատության դեմ ու նախագծել մի աշխարհ, որտեղ ոչ ոք անտեսված չէ:
Մենք կարողացանք նախատեսված ժամկետից շուտ հասել Հազարամյակի զարգացման նպատակների թիրախներից մեկին, որը նախատեսում էր կիսով չափ կրճատել աղքատության մեջ ապրող մարդկանց քանակը: 1990-2010 թվականների ընթացքում առնվազն 700 միլիոն մարդ դուրս է բերվել ծայրահեղ աղքատությունից:
Չնայած այս հսկայական հաջողությանը՝ զարգացող տարածաշրջաններում ամեն հինգ մարդուց մեկը՝ 1.22 միլիարդ մարդ, ապրում է օրական 1.25 դոլարից պակաս գումարով, իսկ 2.4 միլիարդը՝ օրական մինչև 2 դոլարով: Ֆինանսական ճգնաժամից ի վեր անհավասարության աճն էլ ավելի հստակ արտահայտվեց, քան նախկինում: Կանանց և աղջիկների նկատմաբ խտրականությունը շարունակվում է մնալ բացահայտ անարդարություն, որը զարգացման ողջ նախաձեռնությունը զրկում է առաջխաղացման բանալիներից մեկից:
Արմատացած աղքատությունն ու նախապաշարմունքը և հսկայական անդունդը հարստության ու չքավորության միջև կարող են խաթարել հասարակության կառուցվածքը և տանել դեպի անկայունություն: Այնտեղ, որտեղ աղքատությունն է իրավիճակի տերը, մարդիկ մղվում են երկրորդ պլան: Աղքատության պատճառով խեղված կյանքերը անմարդկային են, թշվառ, իսկ երբեմն՝ կարճ:
Մինչ նախապատրաստում ենք 2015թ. հետո կայուն զարգացման օրակարգը և ջանքեր գործադրում կլիմայի փոփոխության վտանգի չեզոքացման ուղղությամբ, անուշադրության չպիտի մատնենք մեր հիմնարար պարտավորությունը, այն է՝ վերացնել աղքատության բոլոր դրսևորումները:
Մենք պետք է նաև վերջ տանք աղքատության մեջ ապրող մարդկանց մեկուսացմանը: Նրանց գիտելիքն ու հետաքրքրություններն էական նշանակություն ունեն նպատակային, մնայուն լուծումներ գտնելու հարցում: Անդամ երկրներին և բոլոր գործընկերներին կոչ եմ անում վճռականորեն աշխատել աղքատության վերացման և բոլորի համար կայուն, խաղաղ, բարգավաճ ու արդարացի ապագա կառուցելու ուղղությամբ: Մեր նպատակը պետք է լինի բարեկեցությունը բոլորի, ոչ թե սոսկ ոմանց համար»: