Ռուսական Военное обозрение ամսագրում հրապարակվել է Ալեքսանդր Սամսոնովի «Ու՞մ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ռազմական հզորությունը, և դա արդեն իսկ սկսում է իր ազդեցությունն ունենալ անդրկովկասյան այդ պետության արտաքին քաղաքականության վրա: «Գլոբալ ռազմականացման ինդեքս – 2012»-ի (GMI) համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է մոլորակի ամենառազմականացված երկրներից մեկը: Այդ վարկանիշը 1990 թվականից կազմվում է Բոննի միջազգային փոխակերպման ինստիտուտի (BICC) կողմից' 149 երկրներից ստացված տվյալների հիման վրա: Ադրբեջանն այդ ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը, նրա ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 5.7 տոկոսը (համեմատության համար ԱՄՆ-ի պարագայում դա կազմում է 4.7 տոկոս, իսկ Ռուսաստանի պարագայում՝ 3.02 տոկոս):
Հետխորհրդային այդ երկիրն օգտագործում է իր վիթխարի նավթային պաշարները, որոնք նրան վերածել են աշխարհի ամենաարագ տնտեսություններից մեկը' զենքի գնման ու ազգային ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար: Ռազմական ծախսերի դինամիկան բավական տպավորիչ է. 2004-2012 թվականներին երկրի ռազմական բյուջեն 170 միլիոն դոլարից աճել է մինչև 3.2 միլիարդ դոլարի: Ադրբեջանին սպառազինություն հիմնականում մատակարարում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, Իսրայելը և այլ երկրներ:
Մասնավորապես, Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է Т-Т-72M1 տանկեր (2006-2009 թվականներին՝ 62 տանկ), Т-90С տանկեր (2011 թվականի պայմանագիր), 2С7 Пион ինքնագնաց հրանոթ (2008-2009 թվականներին՝ 12 համակարգ), Корнет հակատանկային հրթիռային համալիր (2009-2010 թվականներին՝ 100 միավոր), 2010 թվականին պայմանագիր է ստորագրվել АК-74М «Կալաշնիկով» արդիականացված ինքնաձիգների արտոնյալ արտադրության կազմակերպման մասին, Ми-35М հարվածային բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ՝ 24 միավոր, որից 16-ը մատակարարվել է 2011-2012 թվականներին, 2011 թվականին պատվիրվել է Ми-17-1В 40 հատ տրանսպորտային-ռազմական ուղղաթիռ, 2010 թվականին պայմանագիր է ստորագրվել С-300 «Ֆավորիտ» զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ և այլն:
Ուկրաինան իր հերթին Ադրբեջանին մատակարարել է 13 հատ МиГ-29 և 2 հատ МиГ-29УБ արդիականացված կործանիչներ (2007 թվական), արդիականացրել է Ադրբեջանի զինված ուժերում առկա Ми-24 ուղղաթիռները, Т-72 տանկերը՝ 48 միավոր (2006 թվական), 2С1 Гвоздика և 2С3 Акация ինքնագնաց հրանոթները և այլն:
Միայն 2011 թվականին Ադրբեջանն Իսրայելից գնել է 1.6 միլիարդ դոլարի զենք: Գնված սպառազինության թվում են եղել Gabriel տիպի հականավային թևավոր հրթիռները (քանակը չի բացահայտվում), Heron (5 համալիր) և Searcher (5 համալիր) անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), Barak տիպի հակաօդային պաշտպանության մեկ համակարգ և դրա 75 հրթիռ, ինչպես նաև EL/M-2080 Green Pine ռադար: Ավելի վաղ Ադրբեջանն Իսրայելից գնել է Aerostar և Orbiter հետախուզական ԱԹՍ-եր, 5.56 միլիմետր տրամաչափի TAR-21 TAVOR ինքնաձիգները և այլ սպառազինություն: 2011 թվականին Ադրբեջանում սկսել են արտադրել իսրայելական մշակման ԱԹՍ-եր: Ադրբեջանի ռազմածովային ուժերն ամրապնդվել են Թուրքիայի ու ԱՄՆ-ի օգնությամբ: Կան տեղեկություններ, որ հետագա տարիներին Ադրբեջանի ռազմածովային ուժերն ուժեղացվելու են սուզանավերով, որոնք հարմարեցված են Կասպից ծովի պայմաններին:
Այսքանից հետո ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը: Հասկանալի է, որ առաջին նպատակը Լեռնային Ղարաբաղն է: Որքան հզորանում են Ադրբեջանի զինված ուժերը, այնքան ագրեսիվ է դառնում ադրբեջանցի քաղաքական գործիչների ու հասարակության տոնը (1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից – 168.am):
Դա շատ վտանգավոր պահ է. ի հայտ է գալիս բանակի օգնությամբ արտաքին քաղաքական խնդիր լուծելու գայթակղություն: Իրավիճակը վատթարացնում է այն փաստը, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանը ենթարկվում է ուժեղ անկայունության, և իրավիճակն ունի ավելի վատթարացման տենդենց: Բաքուն կարող է ռիսկի դիմել «պղտոր ջրում ձուկ որսալու համար»: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարածաշրջանում Ադրբեջանն ունի երկու ուժեղ դաշնակից:
Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին, ընդ որում քաղաքական ու բարոյական առումներով ոչ միայն ընդդեմ Հայաստանի, այլև՝ պոտենցիալ առումով Ռուսաստանի ու Իրանի դեմ: Իսրայելն աջակցում է Ադրբեջանի զինված ուժերի ու ռազմական արդյունաբերության համալիրի զարգացմանը, որպեսզի սպառնալիք ստեղծի Իրանի համար: Բացի այդ, Բաքուն ունի գլոբալ մակարդակի կարևորության «տանիք»՝ ի դեմս ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, որոնց հետ Ադրբեջանը համագործակցում է ակտիվորեն:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու և 1991-1994 թվականների ռազմական հակամարտությունում կրած պարտության համար ռևանշի հասնելու գայթակղությունն ավելի ուժեղ է, քան տարածաշրջանում առկա իրավիճակը: Հաշվի է առնվում նաև այն փաստը, որ ներկայումս Ադրբեջանը ռազմական շինարարության ոլորտում լրջորեն գերազանցում է Հայաստանին (2011 թվականիկ կեսին վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին հայտարարել է, որ պատերազմի ժամանակ կարևոր դեր է խաղում ոչ միայն ռազմական տեխնիկան, այլև ռազմական գործողությունների պլանավորում – 168.am): Վերջին ժամանակներս Բաքվի հռետորիկան սկսել է մտավախություններ առաջացնել Կովկասում նոր պատերազմի սկսման համար:
Սակայն Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում ոչ միայն Հայաստանի դեմ: Երկարատև հեռանկարում (և անգամ միջին հեռանկարում) հնարավոր են կոնֆլիկտներ Իրանի ու Ռուսաստանի հետ: Դեպի հարավ էքսպանսիայի տեղեկատվական նախապատրաստման ցուցիչները բավական շատ են, ինչպես նաև Ռուսաստանի ուղղությամբ արված հարձակումները: Սակայն չպետք է կարծել, որ այդպիսի պատերազմը սկզբունքորեն հնարավոր է: Շատերը կարո՞ղ էին կանխատեսել 2008 թվականի ռուս-վրացական զինված հակամարտությունը: Ռուսաստանը կարող է ինքնաբերաբար ներառվել հայ-ադրբեջանական հակամարտությունում՝ առանց պատերազմելու որևէ ցանկության:
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի հարձակման դեպքում Հայաստանը չի մնա մի կողմ քաշված վիճակում: Ռուսաստանն էլ Հայաստանում ունի 102-րդ ռազմաբազան, որն իր գոյությունը պահպանելու է մինչև 2044 թվականը, հնարավոր է և ավելի շատ: Երևանում հասկանում են, որ երկրում ռուսական ռազմաբազայի առկայությունը հանդիսանում է ազգային անվտանգության երաշխիք: Տրամաբանությունը վկայում է, որ պատերազմը կարող է պարզապես Ռուսաստանին հարկադրի միջամտել, քանի որ կարող է շոշափել Հայաստանում նրա քաղաքական շահերի ու նրա քաղաքացիների անվտանգությունը:
Ադրբեջանի հետ Ռուսաստանի բախումն իր հերթին կարող է հանգեցնել Թուրքիայի հետ հակամարտությանը: Իսկ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի սահմանում տիրող իրավիճակը բավական լարված է. փոխհրաձգությունները, զինված միջադեպերը, խփված ԱԹՍ-երը սովորական բան են: Անզեն աչքով տեսանելի է Իրանի դեմ ագրեսիայի հնարավորությունը, որը կարող է հարձակման ենթարկվել ԱՄՆ-ի և/կամ Իսրայելի կողմից: Զուր չէ, որ հենց Իսրայելն է հանդիսանում Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման, ռազմական արդյունաբերության համալիրի հնարավորությունների մեծացման հարցում հիմնական գործընկերներից մեկը:
Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ Բաքուն ընդլայնում է ոչ միայն ցամաքային զորքերի հարվածային հզորությունը, այլև՝ ռազմածովային ուժերի հնարավորությունները: Դա նշանակում է, որ ռազմական գործողությունների ծովային թատերաբեմը չի համարվում երկրորդական: Ծովում Ադրբեջանի պոտենցիալ հակառակորդներն Իրանն ու Ռուսաստանն են: Ուշագրավ է նաև Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության մնացուկների վերացումը: Խոսքը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) մասին է: Ադրբեջանը վերջնականապես իր աշխարհաքաղաքական ընտրությունը կատարեց հօգուտ Ռուսաստանի պոտենցիալ հակառակորդների՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի: Ադրբեջանում ռուս զինվորականների ներկայությունն անցանկալի է Արևմուտքի համար:
Բաքվի համար Իրանի մասնատմանը մասնակցելն անգամ ավելի նախընտրելի է, քան Լեռնային Ղարաբաղի համար պատերազմելը: Ներկայումս Իրանը օգնում է հաղթահարել Հայաստանի էներգետիկ և մասամբ տրանսպորտային մեկուսացումը: Իր ժամանակակից տեսքով Իրանի կործանումից հետո ավելի հեշտ կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Այդ նպատակով տարվում է Ռուսաստանի հետ հակամարտության տեղեկատվական դաշտի նախապատրաստությունը: Բաքուն կարող է մասնակցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից բազմիցս հայտարարված Հարավային Կովկասի ու Ռուսաստանից անջատված Հյուսիսային Կովկասի միավորման նախագծին և դրանով իսկ Ռուսաստանին վտարել Հյուսիսային Կովկասից ու Սև և Կասպից ծովերի ափերից:
Հստակ է մեկ բան. Իրանի վրա հարձակումից հետո հակամարտության գոտում անմիջապես, առանց միջանկյալ փուլերի ներառվելու են Կովկասն ու Միջին Ասիան: Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարին»: