Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ավարտվել է Արագածավան գյուղի բնակիչ Ռ. Ամիրխանյանին դանակահարելու և դիտավորությամբ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն, 2014թ. հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Մուսայելյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող խոհանոցային դանակով Ռ. Ամիրխանյանի որովայնի առաջնային պատին դիտավորյալ հարվածել է ՀՀ քաղաքացի Ա. Գրիգորյանը։
Հարվածի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Ամիրխանյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս' որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, աղիների և միջընդերքի բազմաթիվ, միջանցիկ վնասումների ձևով:
Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: