Թուրքիան ազատ է արձակել դանիացի գրող Լարս Հեդեգաարդի նկատմամբ մահափորձ իրականացրած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության անդամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուր քական Demokrathaber.net-ը: Դանիայի իշխանություններն այս կապակցությամբ հայնտել են իրենց զայրույթն ու մտահոգությունը:
Դանիայից Թուրքիա ժամանած պատվիրակությունը տեղի հետախուզական մարմիններից և արտգործնախարարությունից ճշտել է, որ իսլամիստ ահաբեկիչն ազատ է արձակվել Իրաքում գերեվարված թուրք դիվանագետներին ազատելու ժամանակ: Այս կապակցությամբ Դանիայի արդարադատության նախարար Մեթե Ֆրեդերիքսենը հայտարարել է, որ Թուրքիայի նման պահվածքը պարզապես անընդունելի ու անհասկանալի է:
«Թուրք պաշտոնյաները հաստատել են, որ Լարս Հեդեգաարդի նկատմամբ զինված հարձակում գործած անձն ազատ է արձակվել: Ինչպես գիտեք' նրա ազատվելու լուրերը լայնորեն քննարկվում էին արդեն մի քանի շաբաթ: Այժմ տեղեկությունը հաստատվեց: Սակայն անհնար է հասկանալ և ընդունել Թուրքիայի դիրքորոշումը»,- հայտարարել է նախարարը:
Նա ընդգծել է, որ իրենց հատկապես զայրացրել է այն, որ Թուրքիայի պատկան մարմիններն այս հարցի առնչությամբ որևէ հայտարարությամբ մինչ օրս հանդես չեն եկել: