Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ֆիլ Բենթեի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:

 

Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով բանկի հետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցելու համար և նկատել, որ համագործակցությունն իսկապես արդյունավետ է:

 

Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին՝ քաղաքապետն ընդգծել է, որ առաջին փուլով իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ ծրագիրը հաջողված է և երկրորդ փուլի աշխատանքները նույնպես ամբողջությամբ կյանքի կկոչվեն. «Վստահ եմ, որ Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի երկրորդ փուլը ևս կունենա նույն արդյունավետությունը, և մենք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք մետրոյից օգտվող մեր համաքաղաքացիների համար ապահովել առավել անվտանգ ու հարմարավ ետ պայմաններ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Ֆիլ Բենթեն, իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ՎԶԵԲ-ի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը:

 

«Համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը փաստում է, որ կա արդյունավետ համագործակցություն, ինչն իր հերթին լավ խթան է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցության շրջանակներն ու ծրագրերը: Մեր կողմից կարող եմ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ կա այդ պատրաստակամությունը և հուսով եմ, որ կարճ ժամանակ անց մենք արդեն գործնականում կքննարկենք փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը», - ընդգծել է Ֆիլ Բենթեն:

 

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման, արտաքին լուսավորության համակարգի ու էլեկտրատրանսպորտի արդիականացման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար: