Հայաստանում սկսվել են ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ուժերի և միջոցների համատեղ վարժանքներ: Դրանց մասնակցում են ռուսական ռազմակայանի և Հայաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրամանատարական վարժանքների ընթացքում մշակվում են պայմանական օդային հակառակորդների հայտնաբերման, կալանման ու ոչնչացման, օդային սահմանների և հանրապետությունում տեղաբաշխված ստորաբաժանումների պաշտպանության, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու գործում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի կառույցների փոխգործակցության հարցերը:

 

Շուրջ 30 թիրախների ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքների կատարման վարժանքին մասնակցում Է 25 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ՄիԳ-29, Սու-25 կործանիչներ և Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներ, զենիթահրթիռային ստորաբաժանումների ավելի քան 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ 500-ից ավելի զինծառայողներ: