Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ծառայության առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծված շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր, ընդլայնված համակարգը։ Ծառայության ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն է տրվել համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։
Ծառայությունը թույլ է տալիս իրականացնել շտապօգնության ծառայության քարտեզագրում' էլեկտրոնային քարտեզի վրա նշելով ՀՀ մարզերը, բնակավայրերը, շտապօգնության կայանները։ Դրանց միջև ստեղծվել է կապ, նշվել են տարածքային սահմանները: Էլեկտրոնային քարտեզի վրա հնարավոր է տեսնել ՀՀ բոլոր բնակավայրերը' բաժանված ըստ շտապօգնության կայանների սպասարկման տարածքների, դրանց պատկանող մեքենաների դիրքն ու շարժը' առցանց ռեժիմում:
«Բոլոր այն ձեռքբերումներն ու բարեփոխումները, որ այսօր ուն ենք Երևանի շտապօգնության ծառայությունում, պետք է տարածենք ամբողջ հանրապետությունում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Շտապ բուժօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի երկրորդ փուլի մեկնարկի ժամանակ։
Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգում աշխատելն առավել արագ և արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են փնտրման տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է քարտեզի վրա արագ գտնել ցանկացած բնակավայր կամ շտապօգնության կայան և տեսնել դրանց տարածքային սահմանները: Շտապ բուժօգնության ծառայության քարտեզագրումը տեսանելի և արժանահավատ տեղեկատվություն է ներկայացնում շահագրգիռ բոլոր կողմերի համար: «Այս քարտեզը բոլորիդ համար գործիք պետք է դառնա հանրապետության բոլոր կանչերի արագ արձագանքումը կարգավորելու համար: Դա հնարավորություն կտա ապահովելու ծառայության մատչելիությունը և հասանելիությունը»,-նշել է փոխնախարարը:
Շտապ բուժօգնության ծառայության տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս ևս մի քայլ կատարել դեպի առողջապահական տվյալների հավաքագրման միասնական համակարգի ձևավորումը: Տեղեկատվական վերլուծական այս համակարգում ծրագրային այլ հնարավորություններ ևս կան։ Ստեղծված վահանակներին պատկերվում է շտապօգնության բրիգադների կարգավիճակը, որոնց շնորհիվ դիսպետչերները ցանկացած պահի կարող են իրենց ենթակայության տակ գտնվող բրիգադների մասին տեղեկատվություն ստանալ: Ավելին' նույն վահանակում հնարավոր է անս ահմանափակ քանակով կայաններ ներառել ' անկախ մարզային և տարածքային պատկանելությունից:
ՀՀ ամբողջ տարածքում գործող շտապօգնության մեքենաները ևս կհամալրվեն GPS սարքերով և կներառվեն գործող դիսպետչերական համակարգին: Այդպիսով կստեղծվի շտապօգնության ծառայության միասնական լիարժեք տեղեկատվություն' կառուցվածքային առանձնահատկություններով, տարածքային բաժանումներով և մեքենաների հագեցվածությամբ:
Քննարկվել են մարզերում գործող շտապօգնության կայանների աշխատանքների բարելավմանը, մարզային դիսպետչերների ուսմուցմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։ «Երևանի դիսպետչերական ծառայության վրա մեծ պատասխանատվություն է դրվում։ Այստեղ պետք է համակարգվեն ամբողջ հանրապետությունից ստացվող կանչերը»,-ասել է Վահան Պողոսյանը' հավելելով, որ երկրի ցանկացած վայրից շտապօգնության ծառայությանն առաջիկյում պետք է զանգահարեն միայն 1-03 համարով։