Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 200 մեքենաները կփոխարինեն մինչ այս հանրապետությունը սպասարկող 88 մեքենաներին: Լրագրողների հետ ճեպազրույցում «Շտապ բժշկական օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ նվիրատվության շնորհիվ թարմացվել է շտապօգնության ողջ ավտոպարկը:
«Մեքենաներից 49-ը կսպասարկի Երևանը: Դրանք բոլորն էլ հագեցված են նորագույն տեխնիկայով, դեֆիբրիլյատորներով»,-ասաց Ստեփանյանն, ընդգծելով, որ նոր մեքենաների շնորհիվ կհեշտացվի և կարագացվի շտապօգնության աշխատանքը:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը՝ թվով 88 հատ, Չինաստանի կառավարությունը տրամադրել էր մեր երկրին դեռ 2011 թվականին, որից 35-ը սպասարկում էր միայն Երևանը:
«Եթե առաջ սրտի կանգ արձանագրվելու դեպքում պարտադիր անհրաժեշտ էր վերակենդանացման բրիգադ, որը թվով 10-ն էր, ապա այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Նոր մեքենաներից յուրաքանչյուրը կարող է հիվանդին արագ հասցնել բուժհաստատություն»,-նշեց նա:
Չինաստանի կառավարության կողմից նվիրաբերված շտապօգնության 200 մեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, 135-ը գծային շտապ օգնության մեքենաներ:
Չինական կողմի նվիրատվության ընդհանուր արժեքը շուրջ 13 միլիոն դոլար է: