Ադրբեջանում պետք է դադարեցվեն իրավապաշտպանների հետապնդումները: Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքներով հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

 

«Այս այցի անհրաժեշտությունը բացատրվել էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունից Բաքվում իմ գրասենյակի գործնականում բոլոր գործընկերների ձերբակալությամբ, ինչը փաստորեն անհնարին է դարձնում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը», -ասվում է հայտարարության մեջ:

 

«Այդ ճնշիչ միջոցները միանգամայն հակասում են այն հանձնարարականներին, որոնք արվել են իմ անցյալ տարվա զեկույցում», -նշել է նա:

 

Այդ առնչությամբ անհանգստություն արտահայտվել էր նաեւ ավելի վաղ, եւ նշվել էր, որ օրենսդրական փոփոխություներն Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպություններին ստիպում են աշխատել մեծ ռիսկով:

 

«Օրենսդրությունը պետք է անհնարին չդարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը: Դա վերաբերում է նաեւ նրանց, ով դրամաշնորհներ է ստացել' չգրանցելով դրանք: Նրանց չի կարելի պատժել դրա համար», -նշել է Մուժնիեկսը:

 

Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ Բաքվում ունեցած հանդիպումների ժամանակ Հանձնակատարը բարձրացրել է ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Մամեդովի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը:

 

Մուժնիեկսի մամուլի տեղեկագրում եւս մեկ անհանգստացնող գործ նշվել է ադրբեջանցի հայտնի իրավաբան Ինթիգամ Ալիեւի դատավարությունը, ում գործը առաջնային կարգով քննվելու է ՄԻԵԴ-ում:

 

Բոլոր այդ հարցերը Հանձնակատարը բարձրացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւի եւ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի հետ հանդիպումների ժամանակ:

 

Բաքու կատարած այցի ընթացքում Մուժնիեկսը այցելել է նաեւ Քյուրդախանիի քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է մտացածին մեղադրանքներով կալանավորված իրավապաշտպաններ Անար Մամեդլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի հետ:

 

Բացի այդ, Հանձնակատարը հանդիպումներ է անցկացրել ձերբակալվածների ընտանիքների անդամների, փաստաբանների եւ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ: