Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների համար իշխանություններին քննադատող իրավապաշտպանների ձերբակալությոընները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր առավոտյան Բաքվում ձերբակալվել է «Իրավական լուսավորման միություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւը:

 

Հաղորդվում է, որ Ինթիգամ Ալիեւը ադրբեջանական իրավապահների կողմից ձերբակալվել է օրերս երեք ամսով կալանավորված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով, ում Ադրբեջանում մեղադրում են «հայրենիքի դավաճանության», «հայերի օգտին լրտեսության» եւ այլ մտացածին «հանցանքներ» գործելու մեջ:

 

Ինթիգամ Ալիեւը հանդիսանում է ադրբեջանական կառավարությունը թունդ քննադատողներից մեկը:

 

Լեյլա Յունուսը հունիսի 30-ին ձերբակալվել է այն պահին, երբ տանից դուրս է եկել մեկնելու իր գլխավորած ինստիտուտ, որտեղ պետք է մասնակցեր գիտաժողովի: Ադրբեջանի իշխանությունները Լեյլա Յունուսին մեղադրում են «Ադրբեջանի դեմ հայերի հետ համագործակցելու» մեջ: Լեյլա Յունուսը մասնակցում էր միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին հաշտեցնելու նպատակով ժողովրդական դիվանագիտության շրջանակում անցկացվող միջոցառումներին:

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողվորդավարության ինստիտուտի տվյալներով, այդ երկրում քաղաքական բանտարկյալների թիվը հասել է 130-ի, որոնցից 41-ը խղճի բանտարկյալներ են:

 

Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

 

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար: