Մարտի 17-ի առավոտյան Բաքվում ձերբակալվել են Լազգի, Քարաչուխուր եւ Մեհթիաբադ մզկիթների համայնքների իսլամի սալաֆի (վահաբի) դավանանքի մի խումբ հետեւորդներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել են հավատացյալների աղբյուրները:
Իր հերթին, Հավատացյալների պաշտպանության Forum 18 միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ մարտի 10-ին 4 ամիս ժամկետով Ադրբեջանում ձերբակալվել է աստվածաբան թարգմանիչ Ջեյհուն Ջաֆարովը, ով մեղադրվում է լրտեսության մեջ:
Forum 18-ի մամուլի ամփոփագրում ասվում է, որ 42-ամյա Ջեյհուն Ջաֆարովը ադրբեջանական Space հեռուստալիքի «Գիշերային զրույցներ» ծրագրի հաղորդավարն էր: Մարտի 4-ին նա իր եղբոր հետ վերադարձել էր Իրանից, որտեղ եղբայրը երիկամի վիրահատության էր ենթարկվել:
Ըստ Forum 18-ի' Ջ. Ջաֆարովի ձերբակալությունից երկու շաբաթ առաջ Ադրբեջանում կալանվել էին 5 սունիներ, այդ թվում Բաքվի Իչերիշեհեր կենտրոնական թաղամասի Աշուրբեյ (Լեզգի) մզկիթի իմամ Մուբարիզ Գարաևը: Այդ 5 անձինք ձերբակալվել են Ադրբեջանի ազգային անտանգության նախարարության աշխատակիցների կողմից: Նրանց մեղադրանք է առաջադրվել ապօրինի կրոնական գրականություն տարածելու հոդվածով:
Բացի այդ, ԱԱՆ մեկուսարանում են գտնվում «Եհովայի վկաներ»-ի հետևորդներ Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան:
«Այդ ձերբակալությունները վկայում են ազատ դավանանքի իրավունքն իրագործող մարդկանց վրա իշխանությունների ճնշման արշավի մասին», -հայտնել է Forum 18-ը' նշելով, որ ձերբակալվածների ընանիքների անդամները վախենում են որևէ բան հայտնել:
Ադրբեջանի ԱԱՆ-ը խուսափել է այդ ձերբակալությունների հետ կապված որևէ մեկնաբանություն տալ «Թուրան»-ի հարցմանը: