Նավթի համաշխարհային գների կտրուկ էժանացումից հետո Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում եւ պետական հատվածում զանգվածային կրճատումները շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, «Բաքվի մետրոպոլիտեն», «Ազերէներժի» պետական ընկերություններից հետո աշխատակիցների զանգվածային կրճատումներ է սկսել իրականացնել նաեւ «Ազերքյորփու» պետական կամրջաշինական ընկերությունը:
Նշվում է, որ ընկերությունն արդեն կրճատել է հարյուրավոր իր աշխատակիցների: Պարզվել է, որ դադարեցվել են նաեւ բոլոր նախագծերը: Թերթին հասած տեղեկություններով' ֆինանսական դժվար կացության մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխող ընտանիքին մոտ շինարարական ընկերությունները եւս:
Այդ ընկերությունները եւս դադարեցրել են ընթացիկ եւ նոր բոլոր նախագծերը: Ենթադրվում է, որ մոտ օրերին նրանք ես զանգավածային կրճատումներ կսկսեն:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նավթի գների հետ կապված ճգնաժամով պայմանավորված' Ադրբեջանի ձեռնարկություններում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են իրականացրել ինչպես արտասահմանյան նավթային գլխավոր օպերատոր բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը, այնպես էլ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Որոշ փորձագետների կարծիքով, եթե նավթի հետ կապված ճգնաժամային վիճակն աշխարհում շարունակվի, Ադրբեջանում գործազուրկների մեծ բանակ կառաջանա:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: