Աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել այս օրերին Թուրքիայի մեծ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունները: Մեզ՝ հայերիս համար այս խնդիրը հետաքրքիր ու կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հազարավոր մեր հայրենակիցներ երկարատև կամ ժամանակավոր բնակություն են հաստատել Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքներում: Ինչպիսի՞ զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան Թուրքիայում բնակվող հայերի վրա:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարզարույցը թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
-Պարո՛ն Հովսեփյան, ինչի՞ հետևանք են Թուրիքայում տեղի ունեցող իրադարձությունները և խոշոր հաշվով՝ ի՞նչ է պահանջում ժողովուրդը իշխանություններից:
-Դրանք մեծ հաշվով քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ են, որոնք առավելապես ուղղված էին Թուրքիայում ավտորիտարիզմի դեմ: Թիրախում է հայտնվել վարչապետ Էրդողանը, ով քաղաքականությունը կառուցում է իր շուրջ, և քաղաքական համակարգը նմանվում է ավտորիտարիզմի: Սա պայմանավորում են Էրդողանի անձով: Ուղղակի Գեզի այգու խնդիրը որպես պատրվակ հանդիսացավ, որպեսզի սոցիալականից դժգոհ զանգվածներին դուրս բերի փողոց:
-Երեկ Ստամբուլում միևնույն ժամանակ տեղի ունեցավ երկու հանրահավաք՝ ցուցարարների և վարչապետ Էրդողանի նախաձեռնած հանրահավաքները: Ի՞նչ էր սա նշանակում:
-Երեկ որպես հակաքայլ անցկացվեց Էրդողանի համակիրների հանրահավաքը: Մի քանի օր գրանցվում էին թեժ բախումներ, և ուղղակի այսպիսով «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, որոշում կայացրեց իր ընտրազանգվածին հանել հրապարակներ, որպեսզի ցույց տա իր ուժի հզորությունը և զորությունը Թուրքիայում: Եւ սրանով էր պայմանավորված երեկվա աննախադեպ միջոցառումները Թուրքիայում: Նույնիսկ ժանդարմային ստորաբաժանումներ էին բերվել Ստամբուլ, որպեսզի հանրահավաքը առանց միջադեպերի անցնի: Սակայն հետագայում կրկին եղան միջադեպեր նաև այդ ընթացքում: Չնայած որոշակիորեն կանխվեց այն սցենարը, որ կարող էր բախումներ տեղի ունենալ երկու ճամբարների միջեւ... (փողոց են դուրս գալիս իշխանություններին սատարողները և մյուս զանգվածները և պետք է լինեին բախումներ): Նաև սրանով էր պայմանավորված այն, որ տրանսպորտը դադարեցված էր որոշ ժամանակով: Հիմա իրավիճակը կրկին իշխանությունների կողմից վերահսկվում է՝ չնայած երեկ ամբողջ գիշեր Ստամբուլում, Անկարայում, շատ այլ շրջաններում գրանցվել են բախումներ:
-Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թվում է՝ ավելի դժվար է դարձել հայ համայնքի ներկայացուցիչների՝ լրագրողների, բլոգերների համար ինչ-որ տեղեկություն հաղորդելը...
-Բանն այն է, որ այսօր հետաքննությունների բավականին ակտիվ փուլն է տեղի ունենում: Մի կողմից՝ ձերբակալություններ, մյուս կողմից՝ ակտիվիստներին հայտնաբերելու ակտիվ աշխատանքներ են տեղի ունենում: Թե՛ սոցիալական ցանցերի, թե՛ լրագրողական ոլորտի, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բուռն կերպով այս գործընթացն է իրականանում: Ինտերնետ կապը ամբողջությամբ վերահսկողության տակ է, հեռախոսային խոսակցությունները վերահսկելի են:
Տեղեկություններ կան՝ պոլսահայ համայնքի ներկայացուցիչները ինչ-որ չափով մասնակցություն ունեն՝ չնայած հայ համայնքը որպես այդպիսին պահպանում է չեզոքություն և խոշոր հաշվով այս ամենի մեջ ներգրավված չէ: Օրինակ՝ «Նոր զարթոնք» մշակութային կազմակերպությունը որոշ անհատների մակարդակով ներգրավված է: Սա հայկական թաղամասերի դեմ ուղղված չէր: Գործողություններ չեն իրականացվում հայերի դեմ կամ հայկական թաղամասերում: Ուղղակի համընկել է ցուցարարներին ցրելու գործողությունները հայաբնակ որոշ շրջաններում:
Թուրքիայում տեղի ունեցած զարգացումները, իհարկե, իրենց անդրադարձը կունենան ներքին քաղաքական զարգացումների և արտաքին քաղաքական զարգացումների մասով, արդեն իսկ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել Թուրքիայի արտաքին քաղաքական մասում: Կարծում եմ՝ առաջիկայում նաև ներքաղաքական հարթության մեջ որոշակի խնդիրներ կստեղծվեն, սակայն պետք է փաստել, որ ամենամեծ վստահություն վայելող քաղաքական միավորն է «Արդարություն և զարգացում»-ը քաղաքական կյանքում: Եւ լուրջ հակակշիռ դեռ Թուրքիայում չկա, դրանով է պայմանավորված Էրդողանի ինքնավստահությունը:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի