Պաշտոնական Բաքուն քննում է Հանքաարդյունահանման ոլորտի թափանցիկություն նախաձեռնությունից (EITI) դուրս գալու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայությունը, այս մասին հայտնել է նախաձեռնության կառավարական հանձնաժողովի ղեկավար, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը:

 

Հոկտեմբերի 15-ին EITI-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ նախնական մոնիթորինգ է իրականացվելու նախաձեռնության առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումն ուսումնասիրելու համար: Այդ նպատակով 2015 թվականի հունվարին Ադրբեջան պիտի ժամանի EITI-ի պատվիրակությունը:

 

Այս առնչությամբ Մովսումովը նշել է, որ ադրբեջանական պետությունը չի պատրաստվում արդարանալ ոչ մի կազմակերպության մոտ: «Ադրբեջանը ցանկություն չունի հանդուրժելու այդ ճնշումը EITI-ի կողմից: Երկրի ղեկավարությունը քննարկում է նախաձեռնության կազմից դուրս գալու հարցը»,- հայտարարել է EITI-ի Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի ղեկավարը:

 

EITI-ի կողմից Ադրբեջանին ներկայացված պահանջների մեջ մտնում էին քաղաքացիական հասարակության նախագծերի օտարերկրյա ֆինանսավորման արգելքի վերացումը, հասարակական կազմակերպությունների գրանցման դյուրացումը, արտասահմանյան դոնորների նկատմամբ չհիմնավորված քրեական գործերի կասեցումը: Նախաձեռնությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել էր նաև չվախեցնել քաղաքացիական հասարակությանը, ստեղծել հարմար պայմաններ լրագրողների, ակտիվիստների գործունեության համար, դադարեցնել ճնշումներն իրավաբանների նկատմամբ: