«Թեքեյան» կենտրոնում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» հերթական սեմինար-հավաքն ու «Դպրոցի զարգացման ծրագիր» եւ «Ուսուցչի էթիկայի նորմեր» ձեռնարկների շնորհանդեսը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, միության անդամներ, Երեւանի ու մարզերի դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը հյուրերին ներկայացրել է միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները' անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

 

Անդրադառնալով «Դպրոցի զարգացման ծրագիր» եւ «Ուսուցչի էթիկայի նորմերը» ձեռնարկներին' ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հույս է հայտնել, որ գրքերը պահանջարկ կունենան հանրակրթության ոլորտում աշխատողների կողմից:

 

Նա նշել է, որ «Դպրոցի զարգացման ծրագիր» ձեռնարկը էականորեն տարբերվում է դպրոցների զարգացման ավանդական ձեռնարկներից: Նրա խոսքով՝ դպրոցի աշխատանքային պլանավորումը հիմնականում ուշադրություն է դարձնում դպրոցի ընթացիկ խնդիրների լուծմանը, իսկ զարգացման ծրագիրը դպրոցի ռազմավարության պլանավորումն է: Ձեռնարկները նախատեսված են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, շնորհավորելով ձեռնարկների հեղինակներին, հավելել է, որ այսպիսի գրքերի տպագրությունը անհրաժեշտություն է, քանի որ երկրի եւ պետության զարգացման հիմքում ընկած է դպրոցը: