Հալեպի Կրթասիրաց մշակութային միության դահլիճում Սիրիայում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հովանավորությամբ  դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել գրող Ֆելիքս Բախչինյանի սիրիահայերին նվիրված եռագրության՝ «Հալեպ՝ փրկության ափ», «Déjà vu. Հալեպ սիրո և մահվան հովիտ» և «Մի գիշեր Աթաթուքի սենյակում» գրքերի շնորհանդեսը:

Միջոցառման սկզբին հնչել են Սիրիայի և Հայաստանի օրհներգերը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սիրիայի պատերազմի զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Ցուցադրվել է Ֆելիքս Բախչինյանի «Մի գիշեր Աթաթուքի սենյակում» վեպի սցենարով նկարահանված «Մի գիշեր Բարոն հյուրանոցում» ֆիլմը (ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան):

Ֆելիքս Բախչինյանի կյանքի և գրական գործունեության մասին զեկույցով է հանդես եկել Հայ Բարեգործական Ընդհանուր միության Հալեպի մասնաճյուղի վարիչ-քարտուղար Թամար Խաբայանը, որից հետո բեմ են բարձրացել Հալեպում գործող երեք ավանդական եկեղեցիների (Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական) հոգևոր հայրերը, Սիրիայի Հանրապետության Խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ՀԲԸՄ Սուրիո Շրջանակային յանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Ֆելիքս Բախչինյանը, ովքեր կատարել են գրքերի շնորհանդեսի արարողությունը:

Ձեռնարկի ավարտին շնորհակալական խոսքով հանդես է  եկել Ֆելիքս Բախչինյանը և գրքերը նվիրել Հալեպում գործող հոգևոր, կրթական, մշակութային ու հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ Գրիգոր Շամամյանին և Հակոբ Սահակյանին: