Հարուստ ճապոնացիների (ներդրված ավելի քան 1 մլն դոլարի ակտիվներով) կարողությունը, ըստ Royal Bank of Canada-ի եւ Cap Gemini-ի համատեղ հետազոտության տվյալների, 2013 թվականին ավելացել Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բոլոր երկրների շրջանում առավելագույն տեմպերով՝ 24 տոկոսով՝ մինչեւ 5,5 տրիլիոն դոլար: Դոլարային միլիոնատերերի թվաքանակը Ճապոնիայում անցյալ տարվա ընթացքում աճել Է 22 տոկոսով՝ մինչեւ 2,3 միլիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս դինամիկան պայմանավորված Է անցյալ տարի ճապոնական ֆոնդային շուկաների կտրուկ վերելքով, երբ տեւական լճացման ժամանակաշրջանից հետո տնտեսության աճին վերադառնալու երկրի վարչապետ Սինձո Աբեի ծրագրի շրջանակներում Ճապոնիայի բանկը ձեռնարկեց խթանիչ աննախադեպ միջոցներ: Ճապոնական Topix ինդեքսը 2013 թվականի ընթացքում աճել Է 51 տոկոսով այն դեպքում, երբ ընթացիկ տարվա սկզբին այն կորցրել Էր 8 տոկոս:

 

Կարողությունների աճի տեմպերով տարածաշրջանում երկրորդ տեղում են չինացի միլիոնատերերը. նրանց հարստությունն անցյալ տարի ավելացել Է 20 տոկոսով՝ մինչեւ 3,8 տրիլիոն դոլար, իսկ նրանց թվաքանակն աճել Է 18 տոկոսով՝ մինչեւ 758 հազար: Ճապոնիային եւ Չինաստանին բաժին Է ընկել Ասիայի նոր միլիոնատերերի 85 տոկոսը:

 

2013 թվականին Ասիախաղաօվկիանոսյան տարածաշրջանում միլիոնատերերի թվաքանակն ավելացել Է 17 տոկոսով՝ մինչեւ 4,3 միլիոն, իսկ նրանց կարողությունն աճել Է 18 տոկոսով՝ մինչեւ 14,2 տրիլիոն դոլար: Տարածաշրջանը երկու ցուցանիշներով Էլ գերազանցել Է համաշխարհային տեմպերը. աշխարհում, ընդհանուր առմամբ, միլիոնատերերի թիվն ավելացել Է 13 տոկոսով, եւ նրանք ավելի են հարստացել 12 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: