«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարել է Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում Էբոլա վիրուսով վարակվածների թվի զգալի ավելացման մասին: Կազմակերպությունում գտնում են, որ շուտով քաղաքի հիվանդանոցները չեն կարողանա ընդունել հիվանդացածներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես վախենում եմ այն օրվանից, երբ մենք հարկադրված կլինենք մերժել հիվանդներին տեղերի բացակայության պատճառով»,- լրագրողներին ասել է «Դոնկա» հիվանդանոցի ղեկավար Սթիվեն Հաուզերը:
Հոկտեմբերի 6-ին Հաուզերի հիվանդանոց են բերել ևս 22 հիվանդի: «Դա հաստատում է մայրաքաղաքում հիվանդացածների թվի կտրուկ աճի հետ կապված երկյուղները»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ներկայումս «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից բուժվում են 120-ից ավելի հիվանդներ:
Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարկը տարեսկզբին սկսվել է Գվինեայում: Ընդամենը երկրում վարակվել է 1300 մարդ, որոնցից 768-ը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: