Տարեսկզբից ի վեր առաջին անգամ Արեւմտյան Աֆրիկայում անցած շաբաթ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդացության դեպքերի աճ է նկատվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նրա տվյալներով՝ հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 1 -ը գրանցվել է վտանգավոր հիվանդության 124 նոր դեպք՝ 80-ը Սիեռա Լեոնեում, 39-ը՝ Գվինեայում, եւ 5-ը՝ Լիբերիայում:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ մինչ այժմ ցուցանիշներն անշեղորեն նվազում էին, իսկ հունվարի 18-ից մինչեւ 25-ը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում հիվանդացությունը նվազել էր մինչեւ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ՝ 99 հիվանդացած:

 

Ինչպես նշում է ԱՀԿ-ն, Գվինեայում հիվանդության «աշխարհագրության» ընդլայնումը, Սիեռա Լեոնեում վիրուսի շարունակվող տարածումը եւ համաճարակի դեմ պայքարի միջոցառումներին տեղական մի շարք համայնքների կողմից ցուցաբերվող դիմադրությունը «ցույց են տալիս, որ Էբոլայի համաճարակի դեմ պայքարը դեռեւս զգալի խնդիրների է բախվում»: ԱՀԿ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ անձրեւների սեզոնի մոտենալու կապակցությամբ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել Էբոլայի դեմ, «հատկապես հեռավոր շրջաններում, որտեղ անհամեմատ ավելի դժվար է հասնել»:

 

ԱՀԿ-ի փետրվարի 1-ի տվյալների համաձայն՝ աշխարհում Էբոլա տենդից մահացել է 8981 մարդ, վարակվել են 22 հազար 495-ը: