Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա վիրուսով ախտահարված երկրներում մահացու տենդի շուրջ հարյուր օջախ է պահպանվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Էբոլայի դեմ պայքարի հատուկ դեսպանորդ Դավիթ Նաբարոն: Նա հաստատել է, որ առանձին շրջաններում նկատվել է վարակվածների թվի կրճատում, բայց այլ շրջաններում այն շարունակում է աճել:

 

«Ներկայում մենք համաճարակի գոտու երկրների տարածքում արձանագրել ենք վիրուսի բազմաթիվ ոչ մեծ օջախներ, թվով՝ շուրջ հարյուր: Դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է վիրուսի տարածման տարբեր ինտենսիվությամբ»,- ասել է նա:

 

Մեկնաբանելով Սիեռա Լեոնեի իրադրությունը, որի իշխանությունները հայտնել են տենդի տարածման տեմպերի դանդաղելու մասին, Նաբարոն նշել է, որ իրադրության բարելավում է նկատվել երկրի ոչ ամբողջ տարածքում:

 

Գնահատելով ամբողջ տարածաշրջանի իրադրությունը՝ նա առանձնակի մտահոգություն է հայտնել Գվինեայում, նախ եւ առաջ նրա հեռավոր շրջաններում տիրող վիճակի կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քրատուղարի հատուկ դեսպանորդը կոչ է արել թույլ չտալ հիվանդության տարածումն այլ պետությունների տարածք:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, մոլեգնող համաճարակի հետեւանքով մահացել է 6 հազար 388 մարդ, եւս 18 հազարը վարակված են:

 

Դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Էբոլա վիրուսի համաճարակին արտակարգ հակազդման գծով համաշխարհային կազմակերպության առաքելության նոր ղեկավարի նշանակման մասին: Խոսքը վերաբերում է Մավրիտանիայի ներկայացուցիչ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդին, որը կփոխարինի ամերիկացի Էնթոնի Բենբերիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: