Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը փետրվարի 13-ից ավելացել է հարյուրով, վարակվածների թվաքանակը՝ 183-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 16-ին հրապարակված տվյալները:

 

Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 9 հազար 353 մարդ, վարակված են 23 հազար 182-ը:

 

Լիբերիայում զոհերի թիվը հասել է 3 հազար 900-ի, վարակվածներինը՝ 9 հազար 7-ի: Սիեռա Լեոնեում մահացածներն ավելի քիչ են՝ 3 հազար 401, բայց վարակվածներն ավելի շատ են, քան որեւէ այլ երկրում՝ 11 հազար 74: Գվինեայում վարակվածների ու մահացածների թիվը կազմում է համապատսխանաբար 3 հազար 101 եւ 2 հազար 52:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Էբոլա տենդով հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է 20 մարդ, մահացել են ութը:

 

Հունվարի վերջին ԱՀԿ-ն հայտնել է, որ Էբոլայով հիվանդացությունը նվազել է վերջին յոթ ամսվա ամենացածր մակարդակ: Սակայն անցած շաբաթ կազմակերպությունում նշել են, որ տարեսկզբից ի վեր առաջին անգամ Արեւմտյան Աֆրիկայում նկատվել է հիվանդանալու դեպքերի շաբաթական աճ: Նաեւ հաղորդվել է, որ կազմակերպությունը լրացուցիչ գործիքների եւ միջոցների կարիք ունի վտանգավոր հիվանդությունների բռնկմանն արագ հակազդելու համար: