Աֆրիկյան երկրներում Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերի թվաքանակը նոյեմբերի սկզբին կարող Է հասնել 20 հազարի, եթե ավելի խիստ միջոցներ չձեռնարկվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտությունը:

 

«Առանց վիրուսի տարածման նկատմամբ վերահսկողության միջոցառումների հետ կապված արմատական փոփոխությունների, ենթադրվում Է, որ Էբոլայով վարակվելու եւ այդ վիրուսից զոհվելու դեպքերի թիվը կշարունակի աճել եւ առաջիկա ամիսների ընթացքում շաբաթական հարյուրներից կհասնի հազարների»,-գործակալությունը մեջբերում Է արել ԱՀԿ-ի հետազոտությունից, որը հրապարակվել Է New England Journal of Medicine-ում:

 

ԱՀԿ-ի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ «վարակման հաստատված եւ հնարավոր դեպքերի միագումար թիվը մինչեւ նոյեմբերի 2-ը Գվինեայում կհասնի 5925-ի, Լիբերիայում՝ 9939-ի եւ Սիեռա Լեոնեում՝ 5063-ի»:

 

Այդ երկրներում մինչեւ նոյեմբերի սկիզբը հիվանդացածների ընդհանուր թիվը, ըստ ԱՀԿ-ի գնահատումների, կգերազանցի 20 հազարը:

 

Ընդամենն ընթացիկ տարվա փետրվարից Էբոլա վիրուսով ավելի քան 5,8 հազար մարդ Է վարակվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում եւ Սենեգալում, հիվանդության զոհերի թիվը գերազանցել Է 2,8 հազարը: Ներկայում բժշկությունը չունի Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ հիվանդությունից մահացությունը կարող Է հասնել 90 տոկոսի, սակայն ներկայիս բռնկման ընթացքում այն կազմում Է շուրջ 60 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: