ԱՄՆ-ի պետական պարտքը մեկ օրվա ընթացքում աճել է 328 մլրդ դոլարով` առաջին անգամ գերազանցելով 17 տրլնի սահմանը:
Ինչպես հաղորդում է Marketwatch-ը` հղում կատարելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալներին, հինգշաբթի օրվա դրությամբ ԱՄն-ի պետական պարտքը կազմում է 17.027 տրլն դոլար:
Պետական պարտքի շեմի բարձրացումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 17-ին նախագահ Բարաք Օբաման նոր ֆինանսական տարվա համար ստորագրեց բյուջեի նախագիծը: Սպիտակ տան և Հանրապետական կուսակցության միջև երկարատև քննարկումներից հետո փոխզիջումային օրինագիծը հավանություն էր ստացել հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին և ստորին պալատների կողմից, ինչը կանխարգելեց ԱՄՆ-ի տեխնիկական դեֆոլտը:
Նոր պետական պարտքի շեմը կսահմանվի 2014թ. փետրվարի 7-ին: