Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին մեկ շաբաթում Գվինեայում Էբոլա տենդի վիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է նշում, իսկ ընդամենը վերջին յոթ օրվա ընթացքում գրանցվել է հիվանդանալու 144 նոր դեպք: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է ԱՀԿ-ի տվյալներից, որոնք հրապարակվել են փետրվարի 11-ին:

 

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ընդամենն աշխարհում Էբոլա վիրուսով վարակված է արդեն 22 հազար 894 մարդ, այդ հիվանդությունից մահացածների թիվը հասել է 9 հազար 177-ի: Էբոլա տենդից առավել տուժել է երեք երկիր՝ Գվինեան, Լիբերիան եւ Սիեռա Լեոնեն:

 

Ինչպես նշվում է, անցած շաբաթ Գվինեայում բացահայտվել է հիվանդանալու 65 նոր դեպք, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Դա կապված է, մասնավորապես, թաղումների ժամանակ անվտանգության միջոցները չպահպանելու, ինչպես նաեւ տեղական իշխանությունների կողմից պատշաճ օգնության բացակայության հետ: Վիրուսի տարածումը շարունակվում է նաեւ Սիեռա Լեոնեում: Այդ երկրում վարակվել է 10 հազար 934 մարդ, որոնցից 76-ը՝ փետրվարի 2-ից մինչեւ 8-ն ընկած շաբաթվա ընթացքում:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, բուժանձնակազմը նույնպես շարունակում է տուժել մահացու հիվանդությունից: ԱՀԿ-ի տվյալներով՝ բուժաշխատողների շրջանում արդեն գրանցվել է Էբոլայով վարակվելու 830 դեպք, ինչպես նաեւ տենդից մահանալու 488 դեպք: