Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգիսյանի, ինչպես նաև Սպահանի ու Ատրպատականի թեմերի առաջնորդների ընկերակցությամբ այցելել են Իրանում Հայաստանի դեսպանատուն, ուր արժանացել են ջերմ ընդունելության դեսպան Գրիգոր Առաքելյանի և անձնակազմի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ընդունելությանը ներկա էր նա ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:
Առաջին հերթին իր խոսքն է ասել դեսպանը և ողջունել Վեհափառ Հայրապետի ներկայությունը դեսպանատանը: Թեհրանի առաջնորդ Սրբազանը, ով իր հերթին ուրախությամբ հայտնել է, որ, չնայած Նորին Սրբության զբաղվածությանը, նա ցանկացել է անպայման այցելել Հայաստանի դեսպանատուն, իր սերն ու գնահատանը հայտնելու դեսպանին ու անձնակազմին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես ողջունել է Վեհափառ Հայրապետի ներկայությունը՝ այն համարելով գոտեպնդիչ ու առաջնորդող: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նախարարը շեշտել է Վեհափառ Հայրապետի կարևոր ներդրումը 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին:
Իր պատգամի մեջ Նորին Սրբությունը նշել է, որ դեսպանատունը ոչ միայն ներկայացնում է Հայաստանը, այլ Հայաստանն է արտաքին աշխարհում, հետևաբար, այս գիտակցությամբ հարկավոր է յուրաքանչյուր հայ համայնք մոտենա դեսպանատանը և իր հնարավության սահմաններում օգտակար լինի: Վեհափառ Հայարպետը ողջունել է Իրանի հայության ու դեսապանատան միջև գոյություն ունեցող սերտ համագործակցությունը:
Նա հայտնել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթղիկոսությունը և իր թեմերը միշտ պետք է շարունակեն իրենց գործուն մասնակցությունը բերել Հայաստանի Հանրապետության հզորացման աշխատանք ներին, թե' դեսպանատների միջոցով և թե' ուղղակիորեն, ինչպես նաև Ղարաբաղի անկախության առավել ամրապնդմանը: Խոսքերի փոխանակումից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն: