Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայ նության հետ կապերի բաժնից:

 

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 28-ին' ժամը 19:10-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում. առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել է բացել Երևան քաղաքի Վ.Սարգսյանի և Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը, սակայն, չկարողանալով բացել, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

 

Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

 

Նախաքննության ընթացքում ստացվել է նշված բանկոմատի վրա առկա տեսանկարահանող սարքերի՝ դեպքի տեսաձայնագրությունները, որոնցից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները։

 

Կոմիտեն խմդրում է նրանց, ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: