«Իսլամական պետություն» կազմակերպությունը նոր զանգվածային սպանություն է իրականացրել Անբար մարզում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը շրջափակման մեջ է առել Հիթ քաղաքի 500 ընտանիքի և քաղաքի ալ Բաքր թաղամասում մահապատժի ենթարկել ավելի քան 46 մարդու: Մի քանի օր առաջ բնակիչները հայտնվել են Անբարի անապատում առանց ուտելիքի, դեղամիջոցների: Նրանք ստիպված լքել են իրենց բնակավայրերը, ունեցվածքը և հեռացել:

 

Ավելի վաղ Ռամադի քաղաքի արևմուտքում ԻՊ-ն մահապետժի էր ենթարկել բունմար ցեղախմբի 35 երիտասարդների:

 

Ցեղախմբերը դիմել են երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ պահանջելով միջազգային դաշինքի օդանավեր ուղարկել ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու համար:

 

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ , Թիրքիթի հարավում իրաքյան օդային ուժերի ռմբակոծության հետևանքով ԻՊ-ի 15 անդամ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները:

 

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 

«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: