Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Անբար մարզի Ռամադի քաղաքում գերեզման է հայտնաբերվել, որտեղ եղել են 150 դիակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունից տեղեկություններ են ստացվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2 օր առաջ տղամարդկանց տարել է այդտեղ, սպանել և թաղել:

 

Ականատեսների խոսքով' Հիթ քաղաքի մերձակայքում բունմար ցեղախմբի 70 դիակներ են հայտնաբերվել: Մեկ այի վայրում հայտնաբերվել է ԻՊ-ի կողմից սպանվածների ևս մեկ խումբ: Բունմար ցեղախմբի շեյխերի տեղեկացմամբ' սպանվածների թիվը գերազանցում է 300-ը, որոնց տարիքը տատանվում է 18-55-ի մեջ: ԻՊ-ն նրանց առևանգել էր այս շաբաթվա ընթացքում:

 

Իրաքյան ուժերը ռազմական գործողություններ են սկել Անբար մարզի Հիթ և Հադիսա քաղաքներում՝ փորձելով ազատել զինված խմբավորումների կողմից շրջափակման մեջ գտնվող բնակիչներին: Իրաքյան ուժերը նաև առաջ են շարժվել դեպի Իրաքի հյուսիսում գտնվող Բայջի քաղաք և սկսել են ռմբակոծել քաղաքի այն շրջանները, որոնք գտնվում են զինյալների վերահսկողության տակ: Բանակի ստորաբաժանումներից մեկը ուղղություն է վերցրել դեպի Ֆալլուջա քաղաք, որպեսզի աստիճանաբար շրջափակի զինված խմբավորումներին:

 

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: