«Իսլամական պետությունը» մայիսի 14-ին Սիրիայում մահապատժի է ենթարկել 26 մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից տասը գլխատվել են: Դեպքը տեղի է ունեցել սիրիական հնագույն Թադմուր քաղաքի մերձակայքում գտնվող Աս Սուխնա քաղաքում և Ամերիա գյուղում: Սպանվածները մեղադրվել են սիրիական համակարգի հետ համագործակցելու մեջ:

 

Սիրիական ուժերի և ԻՊ-ի միջև բախումները շարունակվում են Թադմուր քաղաքի մերձակայքում:

 

ԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել են Հոմսի մարզի ռազմական օդանավակայանի մոտ գտնվող շրջանների վրա. վնասների մասին դեռ տեղեկություներ չկան:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակն, օդային ուժերի հետ համագործակցության արդյունքում, Հոմսի մարզում մեծ վնասներ է հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել հնագույն Թադմուր քաղաքում, ոչնչացվել են նրանց մեծ քանակությամբ զենքերն ու զինամթերքը: Սիրիական բանակը կանխել է ահաբեկիչների հարձակումը հնագույն քաղաքի վրա, որը գտնվում է Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչները հայտնվել են քաղաքի արևելյան ծայրամասերում, երբ հսկողություն են հաստատել Աս Սուխնա շրջանի վրա: Սիրիական օդային ուժերը ռմբակոծել են Աս Սուխնայում ահաբեկիչների դիրքերը: