Նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, քարոզարշավի մեկնարկին հարցազրույց տալով «Անդին» ամսագրին, ասել է. «Քանիցս ասել եմ, կրկնում եմ՝ ես կարիքը չունեմ որևէ մեկի ապօրինի ծառայությունների: Որևէ թեկնածուի, այդ թվում՝ ինձ, «արջի ծառայություն» մատուցելու փորձերը խստագույնս կանխվելու և պատժվելու են»:

Մենք «ՍԱՍ-ի Արտակի «նոու-հաուն»» վերնագրով հրապարակման մեջ մի քանի օր առաջ խոսել էինք հենց նման «արջի ծառայության» մասին: ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը ստիպում է «ՍԱՍ գրուպ» հոլդինգի աշխատողներին վերագրանցվել Արաբկիր համայնքում՝ ցանկանալով իր ընտրատարածքից հնարավորինս մեծ արդյունք ապահովել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, ըստ երևույթին, մտածելով այդ կերպ արժանանալ գնահատանքի և համապատասխան արտոնություններ ստանալ: Արտակի ծավալած բուռն գործունեությունը մենք հենց «արջի ծառայություն» էինք որակել, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ նախագահի կողմից, ամեն դեպքում, անուշադրության չեն մատնվում իր թիմակիցների համանման գործողությունները և, որ ավելի կարևոր է, նախագահի հիշյալ «մեսիջը» մեր արած ենթադրության հաստատումն է առ այն, որ նման գործունեությունը հաստատ վերևից թելադրված հրահանգ չէր և որ ««ՍԱՍ»-երի Արտակները» պարզագույն ինքնագործունեությամբ են զբաղվում՝ ավելորդ լարվածություն մտցնելով նախընտրական պրոցեսում և ավելորդ դժգոհություն առաջացնելով ՀՀ քաղաքացիների և ընտրողների շրջանում:

Որ «ՍԱՍ»-ի Արտակը միակը չէ և որ ««ՍԱՍ»-ի Արտակների» համար ընտրություններն արդեն տևական ժամանակ դարձել են ընդամենը ինքնադրսևորման հարթակ, վաղուց է հայտնի: ««ՍԱՍ»-ի Արտակները» դիմում են նման ինքնագործունեության, քանի որ արդեն որերորդ ընտրությունը Հայաստանում ընտրական մշակույթի մակարդակի էր բարձրացված «քուչի» մակարդակով ընտրության կազմակերպումը: Նախընտրական շրջանում ամենաակտիվ «պերսոնաները» շտաբի պետերի կողքին դառնում են «թաղի խուժանները»: Ընտրությունները փողոցի տականքի համար արդեն որերորդ ընտրությունը դարձել էին մի տեսակ լեգիտիմացման աղբյուր. խուժանն ինքնահաստատվում է, ինքն իրեն զգում պահանջված և բարեհաջող գոյատևման հնարավորություն ստանում մինչ հաջորդ ընտրություն:

Հասկանալի է, որ այս մեխանիզմը նաև վերևների «դաբրոյի» հետևանքով է ձևավորվել, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն էլ, որ ավելի քան տեղյակ է երկրում տեղի ունեցող գործընթացներից, ավելի քան տեղյակ էր նաև այս ամենից: Ընդ որում, չի կարելի կարծել, թե նախագահը տեղյակ չէր նաև նրանից, որ «քուչի խուժանի» միջոցով իրականացվող նախընտրական մանիպուլյացիաները նողկանք են առաջացնում ՀՀ պարկեշտ քաղաքացիների շրջանում (որոնք ե՛ն իրականում և պե՛տք է լինեն նախագահի իրական հենարանը) և որ նման քաղաքացիների համար իշխանությունների հանդեպ անվստահության ամենաազդեցիկ փաստարկը հենց «փողոցի խուժանին» ու նրանց գործունեությունը վերահսկող քրեաօլիգարխիկ տարրերին տեղ տալն էր:

Նախագահն իր հարցազրույցում հիշատակում է նաև նրանց, «ովքեր մեծահոգությունը շփոթում են ամենաթողության հետ» և ասում, որ դրանց «ձեռքը մենք ձեզ հետ միասին բռնելու ենք և կարգի ենք հրավիրելու»:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը մեկնարկեց նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսով, որի ժամանակ նախագահի կողքին, կարծես թե, միայն երիտասարդներ էին. քրեաօլիգարխիկ տարրերից և ոչ ոք չկար: Ըստ երևույթին, այս քարոզարշավն էլ՝ 2008թ. նման, Սարգսյանը պատրաստվում է միայնակ իրականացնել, ինչը շատ ավելի արդյունավետ կարող է լինել՝ հաշվի առնելով, որ ներկա իշխանական «կոհորտայի» շատ ու շատ դեմքեր նախագահին վնասից բացի ոչինչ չեն տալիս: Եթե նախագահի ասածները հերթական խոստումներ չեն, եթե նախագահն իսկապես ասում է մի բան, որ անպայման կյանքի է կոչվելու (ակնհայտ առավելության շնորհիվ նախագահական ընտրություններով ձեռք բերված լեգիտիմությունն այս անգամ Սերժ Սարգսյանի ձեռքին իսկապես կարող է դառնալ հաղթաթուղթ՝ խոսքից գործի անցնելու և փոփոխություններ իրականացնելու), եթե իսկապես եկել է ««ՍԱՍ»-ի Արտակների», «նեմեցռուբոների» ու «լիսկաների» «արջի ծառայություններից» ձերբազատվելու ժամանակը (իսկ նման մարդիկ այլ բանի ընդունակ չեն էլ), ապա այս դեպքում իսկապես կարող է հույս լինել, որ Հայաստանը կարող է ապագա ունենալ և որ ապահով Հայաստանն այդքան էլ անիրականանալի երազ չէ:

Լուսինե Կեսոյան