Զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը լոկ ռազմական գերատեսչության կամ իր խոսքերը չեն: «Նաև մեր հանրությունն է դրա մասին խոսում: Իսկ ինձ համար սկզբունքային է, որ այդ գործ ընթացում մաքսիմալ ազնվության և արդարության պայմաններ ստեղծվեն, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդը «վաճառքի» չենթարկվի, ինքնակամ, հայրենասիրությամբ տոգորված գնա և իր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ նախորդ զորակոչների ընթացքում, անկասկած, եղել են թերություններ և բացթողումներ՝ հիմնականում փաստաթղթերի ոչ լիարժեք առկայության, բժշկական գործընթացում որոշակի թերությունների առնչությամբ: «Մենք վիճակահանությամբ ենք ուղարկում զորամասեր, և այնտեղ էլ իրենք շարունակում են իրենց ծառայությունը: Հունվարին կլինի զորակոչը, և զորակոչի ընթացքում մենք, համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, կապահովենք զորակոչի իրականացումը»,- նշեց նա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ստորագրել է 2014թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Նա հրամանագիրը ստորագրել է ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով