Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Սահակ Մինասյանն այն կարծիքին է, որ չնայած 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին Շիրակի մարզում «Հանրապետական» կուսակցության արձանագրած ոչ բարենպաստ ցուցանիշներին, իրենք ի վիճակի են լավ արդյունքներ արձանագրել, որովհետև նախագահական ընտրություններն ԱԺ ընտրությունների հետ համեմատելի չեն։ Իսկ ընտրողների ցածր մասնակցություն ակնկալել պետք չէ, որովհետև «իրավիճակ է փոխվել»։ Tert.am-ի հետ զրույցում նա խոսել է նաև Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ-ի թեկնածուին աջակցելու որոշման և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակցության հնարավորության մասին։

-Դուք Շիրակի մարզի «Հանրապետական» կուսակցության շտաբի պետն եք, ի՞նչ ակնկալիքներ ունեք փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից՝ նկատի ունենալով նախորդ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ ՀՀԿ-ն աննախադեպ քիչ ձայներ ունեցավ:

-Ասեմ Ձեզ, որ մայիսի 6-ին հաջորդել են դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները, որոնք կազմակերպվել և անցկացվել են նախադեպը չունեցող թափանցիկ, հստակ, ժողովրդավարության բոլոր նորմերին համապատասխանող ընտրությունների մթնոլորտում: Եվ որ ամենակարևորն է՝ այդ ընտրություններում մեր կուսակցության թեկնածուն ձայների 80/20 հարաբերակցությամբ հաղթանակ տարավ: Այնպես որ, մեզ համար ուղենիշ են դեկտեմբերի 2-ի ընտրությունները՝ իրենց խիստ դրական զարգացումներով և վկայությամբ, որ իրավիճակը փոխվել է:

-Այսուհանդերձ, Ձեր նշած ԱԺ լրացուցիչ ընտրություններում էլ արձանագրվեց մասնակցության ցածր ցուցանիշ:

-Մասնակցության ցածր մակարդակը պայմանավորված էր նախ եղանակային պայմաններով, մրցակիցների փոքրաթիվ քանակով (ընտրություններին մասնակցում էին ՀՀԿ-ից՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Արման Սահակյանը և ՀՀՇ Շիրակի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը – Tert.am): Այնպես, որ հիմա ուզում ենք խնդիրը լուծել այնպես, որ ընտրությունները լինեն Ընտրական օրենսգրքի տառին ու նորմին լիարժեք համապատասխան, և ձմռան երկրորդ ամսին ունենանք մեծ մասնակցություն, և՛ ունենանք էնպիսի համարում, ինչպիսին ունեցան մեր ընտրությունները, ողջ հանրապետությունում:

-Ձեր մատնանշած ԱԺ լրացուցիչ ընտրություններում մասնակցության ցածր մակարդակի հետ կապված քիչ չէին խոսակցությունները, որ ընտրությունների ելքը կանխորոշված էր, քանի որ հանրապետական թեկնածուի դիրքերն ամուր էին: Նույն խոսակցությունները կան հիմա։ Մտավախություն չունե՞ք, որ հիմա էլ ցածր մասնակցություն լինի:

-Մտավախություն չունեմ, որովհետև նախագահի ընտրություններն, ընդհանուր առմամբ, չի կարելի համեմատել որևէ այլ ընտրության հետ՝ կլինի դա ԱԺ, ԱԺ լրացուցիչ կամ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն: Եվ ես համոզված եմ, որ քաղաքացիական հասարակությունը մեր երկրում կայանում է, իսկ քանի որ Դուք խոսում եք մտավորական Հայաստանի ներկայացուցչի հետ, ես նկատի ունեմ Հյուսիսային Հայաստանը, Շիրակը,առավել ևս Շիրակում մոտեցումները կլինեն ավելի հստակ, ավելի նորովի, ավելի պարտքի զգացումով: Եվ կունենանք նորմալ մասնակցություն:

-Ձեր կուսակցության նախագահը, ՀՀ գործող նախագահը այս անգամ քարոզարշավը սկսեց «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է վերաբերում Գյումրիին:

-Ավելի քան վերաբերում է:

-Այսինքն՝ «Ապահով Գյումրի»:

-Ես ասացի լակոնիկ, հոդաբաշխ հայերենով:

- Հանրապետական կուսակցության ամենալուրջ կռվաններից մեկը Շիրակի մարզում բնակարանաշինությունն է և այս հարցում Սերժ Սարգսյանի ներդրումը։ Այս պարագայում ևս, եթե հղում անենք մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներին, դա այնքան էլ հուսալի կռվան չէ:

-Ես արդեն ասացի, որ երբ խոսքը վերաբերում է նախագահի ընտրությանը, էստեղ միայն բնակարանաշինությունը, կամ փողոցների բարեկարգումը, կամ էլ թոշակների բարձրացումը չի կարող կռվան հանդիսանալ: Մենք ապրում ենք Հայաստան երկրում, որի կայացման հիմքում է եղել մեր թեկնածուն և երկրորդ. այստեղ շատ ավելի կարևոր է նախագահի անձի նկարագրի մեջ աշխարհընկալման տեսակը, արտաքին քաղաքական հարաբերություններում ճկուն քաղաքականություն վարելը և այլն, և այլն: Այսինքն՝ Ձեր ասածն ընդամենը կռվաններից մեկն է: Եթե քաջատեղյակ եք՝ նախորդ նախագահական ընտրություններին նախընտրական ծրագրում նշված թեկնածու Սերժ Սարգսյանի ոչ մի խոստում թղթի վրա չի մնացել: Այ, սա է ամենագլխավոր կռվանը. և՛ Գյումրիի մասով, և՛ մարզի մյուս բնակավայրերի մասով:

-Կարո՞ղ եք շատ հակիրճ ներկայացվել, թե նշվածի ո՞ր մասն է կատարվել:

-Առաջին անգամ միջհամայնքային ճանապարհներ կառուցվեցին: Շուրջ 45 տարի Արթիկ քաղաքում ճանապարհային կապիտալ նորոգումներ չէին եղել: 45 երկարուձիգ տարիներ տուֆագործների կառուցած ճանապարհներն էին: Հիմա, որ Արթիկ քաղաքում մեքենայով շրջեք, կհիանաք: Միայն նախորդ երեք տարիների ընթացքում շուրջ 65 ջրագծեր են վերանորոգվել, չեմ խոսում ուսումնական շինությունների՝ դպրոցների մասնաշենքերի մասին, որոնք համեմատության մեջ կարելի է դնել միայն եվրոպական առաջադեմ կրթական հաստատությունների հետ: Շատ են… հիվանդանոցներ։ Եղե՞լ եք մեր Գյումրիի հիվանդանոցում:

- Մեկ այլ գործոն, որը, թերևս, կարևոր է. ի տարբերություն նախորդ ՝ ԱԺ ընտրությունների, այս անգամ ՀՀԿ-ն չի մրցակցի իր հիմնական մրցակից ՝ ԲՀԿ-ի հետ: Սա, ըստ Ձեզ, իրավիճակ փոխե՞լ է:

-Մի քանի անգամ նույն հարցին նույն կերպ պատասխանել եմ և ստիպված եմ նորից կրկնել: Մեր կուսակցությունը թեկնածու առաջադրելուց, հաստատ համոզված եղե՛ք, չի ակնկալել կամ չի կանխորոշել որևէ այլ քաղաքական ուժի, լինի ԲՀԿ-ն, թե մյուսը, մյուսը, աջակցությունը կամ չաջակցությունը: Մեր հիմնական հենարանը մեր կուսակցության նախագահի անելիքն է, արածը և մեր կուսակցության պոտենցիալը:

-Չնայած ասացիք, որ Ձեր հիմնաքարը ՀՀԿ-ի պոտենցիալն է, այսուհանդերձ, Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն է տարածել: Ակնկալո՞ւմ եք իր աջակցությունը:

-Միանշանակ: Ո՞նց կարող է Գյումրու քաղաքապետը չսատարել ՀՀ նախագահին՝ Գյումրիի նկատմամբ նրա ահռելի, սևեռուն ուշադրությունն անտեսելով:

- Իսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օգնությունն ու աջակցությունն ակնկալո՞ւմ եք, և արդյո՞ք նա ներգրավված է լինելու ընտրական գործընթացներում:

-Այս պահին տեղեկատվություն չունեմ, բայց համոզմունք ունեմ, որ աջակցություն կցուցաբերի:

-Եվ վերջին հարցը. Դուք կուսակցական նեղ շրջանակներից դուրս այնքան էլ հայտնի չեք լայն հասարակությանը: Մտավախություն չունե՞ք, որ ռիսկային է ողջ Շիրակը համակարգելը:

-Հավանաբար առաջին լրագրողն եք, որ ինձ նման հարց է ուղղում իմ աշխատանքային կենսագրության մեջ, որովհետև պետական համակարգում աշխատում եմ արդեն երեսուն տարի, 15 տարուց ավել է՝ ղեկավարում եմ Շիրակի մարզի կրթությունը, մշակույթն ու սպորտը: Եվ, առանց նսեմացնելու որևէ ԱԺ պատգամավորի ճանաչումն ու վաստակը, կարող եմ ասել, որ աշխատանքը և ժամանակը ցույց կտա:

Լուսանկարը՝ aravot.am-ի