«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում։

Այսպիսով՝ 2021 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում. այլ անշարժ գույք դատախազը չի հայտարարագրել։

Հայտարարագրում առկա տվյալներից հասկանում ենք, որ 2018 թվականին Մուրադյանը ձեռք է բերել 2015 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։

Մուրադյանի բանկային հաշիվների մնացորդները, 2022 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 734 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 200 հազար դրամ։

Արմեն Մուրադյանը 2022 թվականին ունեցել է 13 մլն դրամ եկամուտ, որից 11 մլն 367 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից, իսկ 2 մլն 318 հազար դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Նրա՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 563 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում ձեռք բերված բնակարանի հիփոթեք է։

Կարող ենք եզրակացնել, որ ՊԵԿ-ից ստացած եկամուտը «եկամտահարկի վերադարձի» օրենքով ստացված գումարն է՝ հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

Նշենք, որ Մուրադյանը հատկապես աչքի ընկավ 2022 թվականին, երբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով պատասխանատվության կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. դատախազ Մուրադյանը անձամբ էր իջել ծնողների հետ հանդիպման»: