«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի ագրեսիվ բնույթ են ստանում փաշինյանական քարոզչամեքենայի հարձակումներն ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ՝ կոնկրետ բարձրաստիճան հոգևորականների դեմ: Առանց չափազանցության՝ «կեռ մահիկի արշավանք» են սկսել մեր Եկեղեցու դեմ: Տարբեր տրամաչափի զանազան քպականների՝ կարկառուն կամ չկարկառունների մաղձանետումների, ակնհայտ կեղծ, ստապատիր հարձակումների թիրախում, ինչպես դժվար չէ նկատել, առաջին հերթին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է: Միայն վերջին երկու-երեք օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները, իշխանական այլևայլ քարոզիչները Բագրատ սրբազանի հասցեին այնքան կեղտակուր ստեր տարածեցին, որ էլ ասելու չէ:
Տեղեկատվական հակամարտությունների մեջ կա այսպիսի մի մեթոդ, որը պայմանականորեն կոչվում է «նեխած ծովատառեխի մեթոդ»: Լրագրության դասընթաց անցած մասնագետները գիտեն դրա մասին: Եթե հակիրճ, ապա «նեխած ծովատառեխի» («սել յոդկա») մեթոդի մեխանիզմը հետևյալն է. ընտրվում է հակաքարոզչության թիրախ (անձ, անձանց խումբ, կազմակերպություն), որի մասին հորինվում է ի սկզբանե կեղծ մեղադրանք: «Մեթոդաբանության» առումով ամենից կարևորն այն է, որ հորինված մեղադրանքը լինի առավելագույնս կեղտոտ, աղմկահարույց, թիրախին հնարավորինս վարկաբեկող: «Նեխած ծովատառեխի» մեթոդի կիրառման նպատակն ամենևին էլ տարածած, տարածվող ի սկզբանե կեղծ կամ մտացածին «մեղադրանքն» ապացուցելը չէ: Իրական կամ բուն նպատակը դրա շուրջ հանրային մեծ արձագանք հարուցելն է, այդ կեղծ մեղադրանքի շուրջ քննարկում ծավալելը: Հիմնական հաշվարկն այն է, որ այդ բուռն քննարկումների բոլոր մասնակիցները հակաքարոզչության թիրախի անունը գործածեն կեղծ, շինծու մեղադրանքի հետ զուգորդված:
Ըստ էության, շրջանառության մեջ դրված վարկաբեկիչ, կեղծ ու հորինված մեղադրանքը «կպնում» է հակաքարոզչության թիրախի անվանն, ու այդ «նեխած ծովատառեխի» հոտը սկսում է նրան ուղեկցել ամենուր, իսկ այսպես կոչված մեղադրանքի «բովանդակությունը» արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Ձեզանից շատերը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք այդ հակաքարոզչական մեթոդը «գործողության մեջ», մասնավորապես՝ փաշինյանական քարոզիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների, կոնկրետ՝ Բագրատ Սրբազանի հասցեին արվող արտահայտությունների, մեղադրանքների, շինծու «վարկաբեկիչ նյութերի» ու դրանց տարածման տեսքով: Արտաքուստ Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզիչները հստակ հաշվարկ են արել ու, ըստ այդ հաշվարկի, գործում են, փաստացի՝ տեղեկատվական պատերազմ են ծավալել հայ ժողովրդի դեմ: Նրանք ակտիվորեն օգտագործում են նաև «նեխած ծովատառեխի» մեթոդը, որը մինչ այս ու տարբեր առիթներով բավականին արդյունավետ կիրառել էին, ի դեպ: Բա՛յց...
Այս անգամ նույնիսկ փորձված «փաշինյանական հնարքը» (չակերտներում, որովհետև դա նրա հորինածը չէ, ինքը պարզապես գործածում է այդ «գործիքը») չի գործում, չի՛ աշխատում: Պարզ ասած՝ փաշինյանական քարոզչամեքենան օրնիբուն ցեխ է շպրտում Բագրատ Սրբազանի հասցեին, բայց «ցեխը չի կպնում»: Այ, սա, կարծում ենք, իսկապես հետաքրքիր է և հատկանշական: Ինչո՞ւ նախկինում աշխատած, փորձված մեթոդն այս անգամ չի աշխատում: Առաջին ու հիմնական պատճառներից մեկն այն է, որ «նեխած ծովատառեխի» մեթոդը գործի դնողներն արդեն այն կարգի մերժված են, որ նրանց արտաբերած ցանկացած խոսք, «միտք» անմիջապես ուղղվում է իրենց իսկ դեմ: Ըմբշամարտում դա կոչվում է «հնարքի տակ մնալ»: Այսինքն, փաշինյանական քարոզչությունն ինքն իրենով մի համատարած ու վանող «նեխած ծովատառեխ» է դարձել: Նրանք հաշվի չեն առնում այն, որ արդեն 6 տարի իշխանական մակարդակով ստախոսում են ու չափն անցել են, «համը հանել» են: Նրանք հաշվի չեն առնում, որ զազրախոսության իրենց «գործիքները» չարաշահել են ու մաշեցրել:
Ամենակարևորը՝ հաշվի չեն առնում, որ իրենք մի իշխանություն են, որը բացարձակապես ոչ մի վստահություն չի վայելում և հիմնված է բացառապես ոստիկանական մահակների ու կատաղի բռնությունների վրա: Ի լրումն, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողները, հայոց հողերից հրաժարվողները, կարելի է ասել՝ պաշտոնապես, Հայ առաքելական եկեղեցու դիվանապետի կողմից հռչակվել են նզովյալ ու անիծյալ: Իսկ դա այնպիսի խարան է, որ տողերիս հեղինակը ոչ մեկին չէր ցանկանա: Մինչդեռ ոմանք կամովին նետվեցին խարանվելու և, ըստ այդմ, դարձան մերժված: Ոչ միայն պատահական չէ, այլև միանգամայն օրինաչափ է, որ փաշինյանական քարոզիչների կողմից մեր եկեղեցու և հոգևոր հայրերի դեմ զազրախոսական մաղձանետումները հանրության լայն շրջանակների կողմից անմիջապես հակադարձում են ստանում:
Ի դեպ, իշխանական քարոզիչների սիրած «թեզերից» մեկն էլ այն է, թե՝ «հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»: Ասում են, թե այդ ֆրազը՝ «հոգևորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ», փաշինյանական քարոզիչները Արման-Ժան դյու Պլեսսի, նույն ինքը՝ կարդինալ Ռիշել յեի մոտ են կարդացել... Եթե ավելի լուրջ, ապա «հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»-ն անհեթեթ է հնչում: Իսկ ի՞նչ է, հոգևորականը ՀՀ քաղաքացի՞ չէ: Կամ՝ մի՞թե մեր եկեղեցու հոգևոր հայրերը մեր ազգից չեն ու կարող են անմասն մնալ ազգի խնդիրներից ու ճակատագրից: Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ավելին է, քան սոսկ քաղաքականությունը՝ նեղ իմաստով: Սա համազգային հարց է:
Հայաստանի Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Հիմա գործող իշխանությունը հարցականի տակ է դրել մեր ազգային ինքնությունը, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ձգտում է իրականացնել մեր ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը: Փաստացի՝ եկեղեցին իր սահմանադրական լիազորությունների տիրույթում է գործում: Հետևաբար, եկեղեցու դեմ ելնողներն, ի լրումն ամենի, նաև հակասահմանադրական դաշտում են հայտնվել:
Հ.Գ.-Հարցրեք ցանկացած քաղաքագետի, և նա ձեզ կասի, թե իրականում ինչ է քաղաքականությունը՝ հենց դասական իմաստով...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ