Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 7-ին հիշել Է 2007 թվականի իրադարձությունները, երբ Թբիլիսիի կենտրոնում ուժի կիրառմամբ ցրեցին ընդդիմության բողոքի մի քանի բազմամարդ ակցիաներ: Նա հայտարարել Է, որ ժողովուրդը երբեք դա չի ների նախկին իշխող կուսակցությանը՝ «Միասնական ազգային շարժմանը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Նոյեմբերի 7-ն այն ամսաթիվն Է, որը ժողովուրդը երբեք չի ների «Ազգային շարժմանը»,- ասել է Ղարիբաշվիլին կառավարության նիստի սկսվելուց առաջ: Նրա խոսքով՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ն «արյունալի ամսաթիվ Է» Վրաստանի պատմության մեջ:

 

«Նախկին իշխանությունները ծանր հանցագործություն կատարեցին իրենց երկրի ու ժողովրդի նկատմամբ՝ դաժանորեն ցրեցին հանրահավաքի խաղաղ մասնակիցներին, իրենց քաղաքացիներին, կոխկրտեցին նրանց անձնական արժանապատվությունն ու ժողովրդավարական պետության սկզբունքները: Ցանկանում եմ հիշել այն, թե ինչպես ներխուժեցին «Իմեդի» անկախ հեռուստաընկերություն»,-ասել Է Ղարիբաշվիլին:

 

2007 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանությունը հատուկ միջոցների՝ ջրանետների, արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների կիրառմամբ Թբիլիսիի կենտրոնում ցրեց ընդդիմության բողոքի մի քանի բազմահազարանոց ակցիաները: Դրանց ընթացքում տեղի ունեցան ակցիաների մասնակիցների եւ ուժային կառույցների աշխատակիցների բախումներ: Նույն օրը ոստիկանությունը դադարեցրեց «Իմեդի» հեռուստաընկերության հեռարձակումը, որը պատկանում Էր վրացի օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիին:

 

Նոյեմբերի լույս 8-ի գիշերը երկրում մտցվեց արտակարգ դրություն: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրահավաքը ցրելու հետեւանքով տուժել Է ավելի քան 500 մարդ, որոնց թվում եղել են նաեւ ոստիկաններ: