Գյումրիում հունվարի 12-ին իրենց տանը, ննջարանում հրազենով սպանված Ավետիսյանները, հարեւանների բնութագրմամբ, սովորական մարդիկ էին: Հարևանների խոսքով' սկզբում Գյումրու կենտրոնական շուկայում զբաղվել են մանրածախ առեւտրով, ապա ընտանիքի հայրը Սերյոժա Ավետիսյանը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի:

 

«Շատ սովորական, միջին ապրուստի տեր մարդիկ էին: Հայրը շինարար էր, մեկնում էր արտագնա աշխատանքի: Ոչնչով աչքի չէին ընկնում, չէին վիճում, կամ արտառոց որեւէ վարքագիծ չէին դրսեւորում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին հարեւանները:

 

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի: Գյումրիում ՌԴ համապատասխան ծառայությունների աջակցությամբ աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ: Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ։

 

 

Արմենուհի Մխոյան