2014 թվականին Չինաստանում 1 միլիոնից պակաս ընտանեկան զույգեր են երկրորդ երեխան ունենալու հայտ են ներկայացրել, ինչը կանխատեսվածից պակաս Է կիսով չափ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի առողջապահության գործերի եւ պլանային ծնելիության պետական կոմիտեի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ծնելիության սահմանափակման քաղաքականության մեղմացման արդյունքների վերաբերյալ հրապարակված տվյալները:

 

Անցյալ տարի ընդունված որոշման համաձայն՝ ընտանեկան զույգերին, որտեղ ամուսիններից մեկն իր ծնողների միակ երեխան Է, թույլատրվում Է երկու երեխա ունենալ: Սակայն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, քաղաքային ընտանիքները, ֆինանսական նկատառումներով ելնելով, առաջվա պես նախընտրում են սահմանափակվել մեկ երեխա ունենալով եւ դաստիարակելով: Նրանց միայն 60-65 տոկոսն Է ցանկացել երկրորդ երեխան ունենալ. գյուղական ընտանիքներում այդ ցուցանիշը հասնում Է 90 տոկոսի:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Չինաստանում սուր Է դրված բնակչության ծերացման խնդիրը: Անցյալ տարվա տվյալներով՝ 60-ից բարձր տարիքի մարդկանց թվաքանակը երկրում գերազանցել Է 200 միլիոնը՝ կազմելով բնակչության 14,9 տոկոսը: Կանխատեսվում Է, որ մինչեւ 2025 թվականն այդ ցուցանիշը կգերազանցի 300 մլն մարդու նշագիծը:

 

Առանձին փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ եթե քաղաքականությունը չբարեփոխվի, ապա մինչեւ 2050 թվականը բնակչության աճը 4 տոկոսից պակաս կլինի, ինչն ընդհանուր առմամբ զգալիորեն կանդրադառնա երկրի զարգացման տեմպերի վրա: Չինաստանում ամուսնական այն զույգերը, որոնք ցանկանում են երկրորդ երեխան ունենալ, պետք Է գրավոր դիմում ներկայացնեն իշխանություններին: