ՀՀԿ խմբակցությունը ցավակցություն է հայտնել գյումրեցի փոքրիկի' Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' խմբակցության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

 

«ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում:

 

Այս օրերին մեր ժողովուրդը իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն:

 

ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի»:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12 ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով: Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է: Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: