Երկրապահ կամավորականների միությունը, վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մեկնել էր Արցախ՝ զորամասեր, մարտական դիրքեր:

 

Զորավարի նախաձեռնության իմաստը սահմանապահ ժողովրդին և սահմանին կանգնած հայ զինվորին ոգևորելն ու քաջալերելն էր: Նախապես ծրագրավորվել էր, որ Արցախ կմեկնեն մոտ 200 հոգով, խնդիրն այն էր, որ պարտադիր ներկայացված լինեն բոլոր տարածքային բաժանմունքները: Սակայն, այս ուխտագնացությանը մասնակցելու ցանկություն հայտնեցին հազարավոր երկրապահներ: Բոլորին միանգամից դիրքեր բարձրացնելն այս պահին անիմաստ կլիներ: Այդ պատճառով՝ մեկնեցինք 1 000 հոգուց բաղկացած ներկայացուցչական պատվիրակությամբ, որում ընդգրկված էին ինչպես բոլոր տարածքների ներկայացուցիչներ, այնպես էլ երկրապահի բոլոր սերունդները՝ պատանի երկրապահներ, երիտասարդ երկրապահներ և արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, այդ թվում՝ տասնյակ հրամանատարներ:

 

Երկրապահի խնդիրն էր համոզիչ կերպով ներկայացնելը, որ այսօր էլ, հենց ծագի անհրաժեշտություն, հենց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հարկ կհամարի, մենք 2-3 ժամում կարող ենք կազմ ու պատրաստ հայտնվել մարտական դիրքերում:

 

Բացի զորամասեր, մարտական դիրքեր այցելելուց, ունեցանք նաև աշխատանքային հանդիպումներ: Զորավար Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ վարչության մի քանի ներկայացուցչի ուղեկցությամբ, հանդիպում ունեցավ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպման հրավիրեց երկրապահական առավել ընդլայնված ներկայացուցչության: Հանդիպման ժամանակ Զորավարը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Երկրապահը հավատարիմ է երդմանն ու մշտապես հայ զինվորի կողքին է:

 

Արցախի նախագահը, բարձր գնահատելով երկրապահական այս նախաձեռնության նշանակությունը, ընդգծեց, որ ԵԿՄ շունչն ու աջակցությունը արցախցին մշտապես էլ զգում է: Նախագահ Բակո Սահակյանը նաև փաստարկված կերպով ներկայացրեց, որ Արցախի տնտեսությունը թեկուզ ոչ շատ արագ տեմպերով, բայց հաստատուն աճում է: Ուրախալի է, որ աճում է նաև Արցախի բնակչության թիվը: