ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին ապօրինի ձերբակալելու վերաբերյալ:

 

Հարգելի պարոն Անդրեասյան,

2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին:

 

Ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք և Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակելի շենքերի բնակիչների հանգստի խախտում, որն, իբրև, վերջիններիս մոտ առաջացրել է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության նկատմամբ:

 

Ձերբակալության նպատակը հանդիսանում է անձի կողմից նոր հանցագործությունների հնարավոր կատարումը և փախուստը կանխելը:

Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված ամեղ կասկածյալ է:

 

Մնացական Ալեքսանյանը թիվ 1800615 քրեական գործով բազմիցս հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա, և մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, դեռ ավելին, նրա անձնագիրը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի մոտ: Մնացական Ալեքսանյանի կողքին եղել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարող են վկայել նրա անմեղության մասին, սակայն նրանց չեն կանչել հարցաքննության:

 

 

Հետևաբար, Մնացական Ալեքսանյանին քրեական օրենսգրքով նախատեսված արարքով կասկածելը և ձերբակալելը անօրինական է և հետապնդում է հատուկ նպատակ:

Իրական հանցագործներին՝ եղեռնագործներին բռնելու և վնասազերծելու փոխարեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայասատանի Հանրապետության տարածքում առաջացել է վախի և անպատժելիության մթնոլորտ:

 

Մեղադրյալ Պերմյակովին թույլ տալով առևանգել և ապօրինաբար պահել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում և ի վիճակի չլինելով իրանականցնել քրեական հետապնդում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունների համար՝ մեղավորների հանդեպ հենց ՀՀ գլխավոր դատախազն իր ենթականերով պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստորեն, անպատժելիության և վախի մթնոլորտ ստեղծելու մեղավորներն իրենք են:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին:

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր