ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության' Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում փետրվարի 10-ին քննարկվել են «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2015թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ, որից 14-ը' «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում», 15-ը՝ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում», 43 -ը՝ «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում։

 

 

Մրցութային հանձնաժողովի փորձագետ-անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հայկ Մարկոսյանը դրական է գնահատել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթում մերօրյա հերոսների փառաբանմանը նվիրված ծրագրերի ընդգրկումը, դա մեծ խթան է ՀԿ-ների համար։ Հայկ Մարկոսյանը նկատել է, սակայն, որ մրցույթին դիմած որոշ ՀԿ-ների ծրագրերում պակասում է ստեղծագործ միտքը։ «Կարծես թե միանման են մտածում, և ծրագրերը շա տ դեպքերում կրկնվում են»,- նշել է նա։

 

 

Փորձագետը խորհուրդ է տվել ՀԿ-ներին իրենց նախաձեռնություններում ուշադրություն դարձնել մեր սահմանները պաշտպանող զինծառայողների հերոսական կերպարի ներկայացմանը, չմոռանալ այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհել են այսօրվա խաղաղության և անկախության համար։ «Մոտենում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը, որի կերտմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեր հայրենակիցները։

 

Մեծ հայրենականի մասնակիցներից այսօր քչերն են մեր կողքին մնացել, նրանք էլ են մերօրյա հերոսներ, և նրանց նույնպես չպետք է մոռանալ։ Պետք է գնալ, նրանց հետ զրուցել, նրանցից օրինակ վերցնել։ Հայաստանում շարունակվում է փողոցային բարքերի դեմ պայքարը, և ՀԿ-ներն այս ոլորտում նույնպես անելիքներ ունեն։ Հասարակական սեկտորը պետք է ներգրավված լինի նաև տեղեկատվական դաշտում տարվող աշխատանքներում և այդ հարթության վրա պաշտպանի ՀՀ դիրքերը»,- նշել է Հայկ Մարկոսյանը։

 

Առաջիկա օրերին, մրցութային հանձնաժողովը, ամփոփելով քննարկումների արդյունքները, կներկայացնի դրամաշնորհային մրցույթում հաղթած ՀԿ-ների անունները։