Կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, տարօրինակ է, բայց, միեւնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը' անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան նախապայման է դնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

 

 

«Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ արձանագրությունների շուրջ բանակցող թուրքական պատվիրակությունը տեղյակ չէր, ըստ Չավուշօղլուի, ամբողջ աշխարհին հայտնի թուրքական նախապայմաններին»,- ասել է Քոչարյանը:

 

 

Պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցադրմանը' Շավարշ Քոչարյանը նկատել է, որ արտգործնախարար Նալբանդյանը դեռ 2010թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման առաջին տարեդարձի կապակցութամբ Wall Street Journal օրաթերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է այդ հարցին: «Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը' շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ»,- ասել էր Նալբանդյանը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ դրանից հետո էլ վերոհիշյալ երկրները եւ կազմակերպությունները տարբեր առիթներով բազմիցս վերահաստատել են այդ իրողությունը։

 

 

Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել էր հայ-թուրքական արձանագրություններից: Նա ասել էր, թե «Հայաստանը չկարողացավ անցնել անկեղծության թեստը», այդ պատճառով էլ խորհրդարանից արձանագրությունների հետկանչը որևէ նշանակություն չունի: «Ցյուրիխյան արձանագրությունների կյանքի կոչման համար Թուրքիան նախապայման է դնում. Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»,- նշել էր նա: